Առաջարկում են կոնյակի արտադրության համար սահմանված պետտուրքի և ակցիզային հարկի դրույքաչափերը փոխել
Ազգային ժողովում քննարկման են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերը:
Հիմնական զեկուցող Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ ներկայացված նախագծերի փոփոխությունը մշակվել է կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրության իրականացման գործունեության համար սահմանված պետական տուրքի և ակցիզային հարկի դրույքաչափերի հաշվարկի փոփոխությամբ:
«Նաև կոնյակի և կոնյակի սպիրտ արտադրող մեծ և փոքր, ինչպես նաև ներմուծող ընկերության համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ է պայմանավորված փոփոխությունը, որը կապահովի բյուջե հավաքագրվող տարեկան մուտքերը»,-ասաց նա:
Ըստ նախարարի՝ թորած ալկոհոլային խմիչքների և սպիրտի արտադրության իրականացման իրավունքի ձեռք բերելու համար սահմանված տարեկան դրույքաչափը 15 մլն դրամ է, մինչդեռ կոնյակի և կոնյակի սպիրտի գործունեության շշալցման համար պետական տուրք սամանված չէ: «Ակնառու է տարբերությունն արտադրողների և ներմուծողների միջև, և այդ պատճառով անհանգսացնող չափերի է հասել կոնյակի սպիրտի ներմուծումը: Միայն 2016-17թթ-ին 8 մլն լիտր կոնյակի սպիրտ է ներմուծվել, որը համարժեք է 88 հազար տոննա խաղողի, և նշված ծավալի ներմուծումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել խաղողի բերքի և կոնյակի արտադրության կազմակերպման համար»,-ասաց նա:
Բացի այդ, ըստ նրա, նշված դրույքաչափը թույլ չի տալիս, որ փոքր ընկերությունները զբաղվեն կոնյակի արտադրությամբ:
Նախարարը ներկայացրեց սահմանված նոր դրույքաչափերը: