Գերմանիան կարևորել է Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:
Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Արթուր Գրիգորյանը նշել է, որ բարձր է գնահատում Գերմանիայի կառավարության աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը, և համոզմունք հայտնել, որ էներգետիկայի բնագավառում իրականացվող ծրագրերը այսուհետ ևս կլինեն արդյունավետ և շարունակական
Նախարարը նշել է, որ Գերմանիան մեր երկրի կարևոր և լավագույն գործընկերն է, և հույս հայտնել, որ այդ հարաբերությունները կնշանավորվեն էներգետիկայի բնագավառում նոր նախաձեռնություններով:
Դեսպան Քիսլերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցելու տնտեսական ոլորտում հայ-գերմանական համագործակցության խորացմանը՝ էներգետիկայի բնագավառում օգտագործելով հնարավոր բոլոր հարթակները:
Զրուցակիցները կարևորել են համատեղ իրականացվող Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը, և մտքեր փոխանակել, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի ու էներգաարդյունավետության համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ: