Վրաստանի գլխավոր դատախազը՝ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տվել
Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տվել: Այդ մասին տեղեկանում ենք Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքից: Այդ որոշումը նա կայացրել է բողոքի ցույցերի ֆոնին:
Վրաստանի քաղաքացիները բողոքի ակցիայի էին դուրս եկել պահանջելով Շոթաձեի հրաժարականն այն բանից հետո, երբ դատարանը որոշում էր կայացրել, որ դատախազությունը չի կարողացել պարզել Դավիթ Սարալիձեի մարդասպանին: Ցույցերի կազմակերպիչը սպանվածի հայրն էր՝ Զազա Սարալիձեն:
«Ինձ համար, որպես գլխավոր դատախազ, հատկապես կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը պետական կառույցների նկատմամբ ... Մի բան է իրավական կողմը, մեկ այլ բան` մարդկայինը: Ցանկանում եմ անձամբ դիմել Խորավա փողոցում սպանված դեռահասների ծնողներին: Ես եղել եմ եւ մնում եմ ձեր կողքին: Որպես գլխավոր դատախազ եւ հայր, ուզում եմ ասել, որ ինձ պետք չէ պաշտոնս՝ ձեր երեխաների կյանքի գնով», - ասել է Շոթաձեն:
Այսօր ավելի վաղ Շոթաձեն հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական օգնության ոլորտում երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության զարգացման խնդիրներն ու հեռանկարները, ինչպես նաև նաև Հայաստանում և Վրաստանում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովմանը, միջազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի կառուցակարգերը կատարելագործելու հնարավորություններին վերաբերող հարցեր: