Կարեն Ավագյանը հակադարձել է ԿԳ նախարարի հայտարարությանը
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ՀԵՀ), հայտնել էր. «Էս էլ սենց: Այսօր պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Հսկայական գումարներ ավելացան կրթական ոլորտում: Ասում էիք՝ փող չկա: Դուխով»:
Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում անմիջապես հակադարձել է նախարարին` փորձելով տպավորություն ստեղծել վերջինիս անտեղյակության մասին.
«…Կարեն Ավագյանի հիմնադրամ գոյություն չունի: Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը հավանաբար ի նկատի ուներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է և վերջինիս հոգաբարձուների նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: ՀՀ վարչապետն էլ այսօր, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն է։ Ի դեպ ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը»։