Մենք միշտ լսել ենք երևանցիներին և անպայման հաշվի ենք առնելու բոլոր խնդիրները. Տարոն Մարգարյանը հրաժարական չի տալու
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի բակում իրեն սատարողներին դիմելով, նշել է.
«Իմ շա՛տ սիրելի համաքաղաքացիներ, շնորհակալ եմ, որ եկել եք, այստեղ եք, շնորհակալ եմ, որ միշտ եղել եք մեր կողքին՝ հավատալով մեր աշխատանքին: Ձեր խոսքը լսեցինք ու միշտ լսել ենք, խնդրում եմ՝ միացե՛ք ձեր ընտանիքներին, ձեզ լավ օր եմ մաղթում: Շնորհակալ եմ, որ եկել ու պաշտպանում եք ձեր քաղաքապետին, մենք միասին կառուցելու ենք մեր Երևան քաղաքը»:
Այն հարցին, թե ինչու քաղաքապետը չէր իջնում ներքև, երբ իր հրաժարականը պահանջող ցուցարարներն էին հանդիպում պահանջում, Տարոն Մարգարյանը պատասխանել է, որ աշխատանքային այցով այլ վարչական շրջանում էր գտնվում:
«Երբ լսեցի, որ բողոքի ակցիա կա, փորձեցի արագ ավարտել ու միանալ մեր քաղաքացիներին՝ լսելու նրանց դժգոհությունը: Հարգում եմ մեր երևանցիների խոսքը, մենք միշտ լսել ենք երևանցիներին և անպայման հաշվի ենք առնելու բոլոր խնդիրները: Մեր ծրագրերը, որոնք առաջիկա 5 տարվա համար նախատեսել ենք, իրականացնում ենք, արդեն իսկ 1 տարի է՝ աշխատում ենք այդ անելիքները կյանքի կոչելու համար»,- նշել է նա՝ հավելելով, որ նախորդ պաշտոնավարման ժամանակ էլ իրենք արդարացրել են քաղաքացու վստահությունը, ինչի ապացույցն այն է, որ երևանցին կրկին իր վստահության քվեն տվեց իրենց:
Տարոն Մարգարյանը հրաժարական չի տալու։ Նա անընդունելի է համարում, երբ երկրում գործադիր իշխանության փոփոխությունից հետո պահանջում են համայնքային անկախ, ընտրովի իշխանության հրաժարականը։