Կլինեն մարդիկ, ովքեր արդեն կսկսեն իրենց երեխաների անունները դնել Նիկոլ. Նաիրա Զոհրաբյան
Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին լրագրողները խնդրել են նկարագրել՝ ինչպիսի՞ն է Նիկոլ Փաշինյանը որպես մարդ, քանի որ նա աշխատել է Փաշինյանի ղեկավարած խմբագրակազմում։
Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հիմա այնպիսի ժամանակներ են, որ կլինեն մարդիկ, ովքեր արդեն կսկսեն իրենց երեխաների անունները դնել ոչ թե Սերժ, այլ Նիկոլ։ Ավելին, պատգամավորի կարծիքով երբ մայիսի 1-ին խորհրդարանում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը և առաջադրված լինի Նիկոլ Փաշինյանը, ապա նրա հասցեին դիֆերամբներ կհնչեն։
«Մենք այդ պրոցեսը տեսել ենք, մենք այդ ամենի միջով քանի անգամ անցել ենք։ Էնպես որ այս պահին եկեք այդ մասին որևէ բան չասեմ։ Ես կարծում եմ, որ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ եմ ունենալու և իմ կոչն ու ուղերձը կհղեմ բոլոր թեկնածուներին, եթե բացի Նիկոլ Փաշինյանից, այդպիսիք կլինեն», - հավելեց Զոհրաբյանը։