Դավիթ Հարությունյանն անդրադարձավ լրագրողին ծեծելու դեպքին և Մաշտոց- Թումանյան պողոտաների հատվածում անկարգություններին
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը խորհուրդ է տալիս Երևանում տեղի ունեցող քաղաքական ակցիաների շրջանակում հարուցված քրեական գործերի հետ կապված գնահատականներ չհնչեցնել: Կառավարության նիստից հետո լրագրողների նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեցին, թե ինչ ընթացքում են գտնվում «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկելու և Մաշտոց-Թումանյան փողոցների հատվածում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված քրեական գործերը:
«Քանի դեռ իրականացվում է քննություն, վաղ է դրանց գնահատական տալը: Ավելին, որքան տեղյակ եմ, Մաշտոց-Թումանյանի հետ կապված կա ձերբակալված անձ: Շատ հաճախ մեզ թվում է, որ տեղյակ ենք, եղել ենք ականատես և կատարում ենք պնդումներ տարբեր անձանց հետ կապված: Եթե կան լուսանկարներ ու տեսանյութեր, տրամադրեք իրավապահներին»,- ասաց Հարությունյանը: