Բերման ենթարկված ցուցարարը ոստիկանության պատուհանից դուրս է նետել Սերժ Սարգսյանի լուսանկարը. ոստիկանությունը պարզաբանում է (տեսանյութ)
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժման ցուցարարներից Վահագն Գևորգյանը, ում բերման են ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, պատից պոկել է Սերժ Սարգսանի լուսանկարն ու պատուհանից դուրս շպրտել։
Նա այդ մասին տեսանյութ է հրապարեկ Facebook-ի իր էջում:
Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը՝ նշելով. «Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին իրավախախտման կասկածանքով բերված` Վահագ Գևորգյան ներկայացած անձը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի հետ առանձնազրույց ունենալու ընթացքում, օգտվելով սենյակում ոստիկանության ծառայողի բացակայությունից, ինչն օրենքի պահանջ է, պատուհանից դուրս է նետել ՀՀ վարչապետի լուսանկարը:
Միջադեպը որոշ անձանց կողմից անհարկի շահարկման առիթ է դարձել։ Կոչ ենք անում անլուրջ հայտարարություններով և գործողություններով չինքնադրսևորվել, ձեռնպահ մնալ փոքր և անհարիր արարքներից»:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 19-ին, ոստիկանության բաժին բերման է ենթարկվել շուրջ 100 մարդ: