ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ամբողջությամբ վստահում են մեր առաջնորդին. Շարմազանով
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ամբողջությամբ վստահում են մեր առաջնորդին։ Այդ մասին Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, առաջին անգամ, մենք որպես խորհրդարանական հանրապետության ներկայացուցիչներ, ԱԺ-ում ընտրում ենք առաջին վարչապետին։ «Խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն ձևավորեցին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։ Այսօր մենք ոչ թե պետք է իրականացնենք նոր ընտրություն, այլ ընդամենը պետք է արձանագրենք այն իրողությունը, որն արձանագրվել է մեկ տարի առաջ մեր հանրության տված քվեով։ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջադրել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- ասել է Շարմազանովը և հիշել Վազգեն Սարգսյանի՝ դեռ 90-ականների վերջին արած արտահայտությունը. «Անգնահատելի և անուրանալի է Սերժ Սարգսյանի ծառայությունը Հայաստանի պաշտանության գործում»։
«Այս տարիներին պարոն նախագահի ղեկավարությամբ ՀՀ-ն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, եղել են նաև թերություններ, բայց 2008-ի և 2018-ի Հայաստանները լրիվ տարբեր են։ Այս տարիներին ՀՀ-ն իրականացրեց նախաձեռնող քաղաքականություն, դարձավ տարածաշրջանային գործոն։ Մեկ տասնյակ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Շարմազանովը և հավելել. «ԵՄ երկու երկիր միաձայն ընդուենցին թուրքական ժխտողականության դեմ օրենքներ։ Մենք դարձանք ԵԱՏՄ անդամ, որը հնարավորություն տվեց ՀՀ տնտեսության ավելի լավ զարգացման համար, և դրա ապացույցը տնտեսական աճն է, որ ապահովվել է։ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանն ամրապնդել է իր անվտանգությունը»։