Քրդերն այժմ նույն պահանջներն ունեն, ինչպես և հայերը 1915 թվականին.Կարո Փայլան
Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հարցազրույց է տվել France 24 ֆրանսիական հեռուստաալիքին, որում պատմել է Աֆրինի գործողություններով պայմանավորված իր մտավախությունների մասին:
«Քրդերն այժմ նույն պահանջներն ունեն, ինչպես և հայերը 1915 թվականին: Այդ իսկ պատճառով ես՝ որպես հայ, մտավախություն ունեմ, որ կարող է կրկնվել նույնը, ինչ 100 տարի առաջ պատահեց հայ ժողովրդի հետ», - Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասել է Փայլանը:
Հայազգի պատգամավորն ընդգծել է, որ միակ ելքը ստեղծված դրությունից հանրության շրջանում Հայոց ցեղասպանության թեման բարձրացնելն է և քրդերի խնդիրը քննարկելը, ինչը Թուրքիայում օրենքով արգելված է:
«Թուրքիայում խոսքի ազատություն չկա: Այնտեղ ով ճշմարտությունն է ասում կամ քննադատում է Էրդողանին, նրան դավաճան են հայտարարում»,- ասել է Փայլանը:
Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Փայլանին պարգևատրել է VERMEILLE շքանշանով՝ հանուն ժողովրդավարության պայքարում ցուցաբերած խիզախության համար: