Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը կփակվեն. կստեղծվեն եվրոպական չափանիշներով նոր գոտիներ. քաղաքապետ
Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը կփակվեն, իսկ Նուբարաշենի գործող աղբավայրի հարակից տարածքում նոր եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայրի երկու գոտիների կկառուցվեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Եվրոպական ներդրումային բանկի հետ վարկային համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացման շնորհիվ մայրաքաղաքում կլուծվեն բնապահպանական մի շարք խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ ծառացած են եղել Երևանի առջև: Անչափ կարևոր է Նուբարաշենի գործող աղբավայրի հարակից տարածքում նոր եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայրի երկու գոտիների կառուցումը, որոնք ներառում են հոսքաջրերի հավաքման գծերն ու հավաքատեղին, գազի հավաքման կայանը, հոսանքի ստացման գեներատորը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Համոզված եմ, որ այս ծրագիրը ևս կիրականացվի ժամանակին և պատշաճ որակով»,- նշել է քաղաքապետը:
Իր հերթին Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը նշել է. «Առաջին անգամ կարող ենք աջակցել նաև ավելի մասշտաբային ծրագրերի, ինչպիսին է օրինակ թափոնների կառավարման ոլորտը, ինչը կնպաստի Հայաստանի մայրաքաղաքի բնակչության կյանքի որակի բարձրացմանը: Եվրոպական ներդրումային բանկը կարևորում է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը և լիահույս է, որ իրականացվող ծրագրերն իրենց դրական ազդեցությունը կունենան Երևան քաղաքի բնակիչների կյանքի որակի բարձրացման վրա»: