Միլանի դատարանը "Dolce & Gabbana" մոդելավորողներին դատապարտել է 1 տարի 8 ամիս ազատազրկման
Միլանի դատարանը հայտնի մոդելավորողների դուետ Դոմինիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբբանային դատապարտեց 1 տարի 8 ամիս ազատազրկման' հարկերից խուսափելու համար:
Հագուստի և այլ պարագաների նորաձև բրենդը ստեղծողները մեղադրվում էին հարկային փաստաթղթերը կեղծելու մեջ, որի հետևանքով իտալական գանձարանը կորցրել է շուրջ 1 մլրդ եվրո:
Դատավճիռը կայացավ երեկ. ամբաստանյալները դատավճռի հայտարարման ժամանակ բացակայում էին դատարանի դահլիճից:
Հիշեցնենք, որ նրանց դեմ գործ էր հարուցվել 2008 թ.: 2013 թ. մարտին Դոլչեն և Գաբբանան մեղավոր ճանաչվեցին. դատարանը նրանց պարտադրեց վճարել 343 մլն եվրո տուգանք: Փաստաբաններն անմիջապես բողոքարկեցին որոշումը:
Այժմ ևս փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:
Իտալական օրենսդրության համաձայն' ամբաստանյալներն իրավունք ունեն երկու անգամ բողոքարկել դատավճիռը, իսկ մինչ բողոքարկման գործընթացի ավարտը պատիժ չի կիրառվում: