Դոնալդ Թրամփը կրկնեց Օբամայի «Մեծ եղեռն» եզրույթը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ արված ուղերձում նշվում է. «Ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում «Մեծ եղեռնի»՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային գազանություններից մեկի ժամանակ տուժածներին»:
«Սկսելով 1915 թվականից, Օսմանյան Կայսրության վերջին տարիներին, 1.5 միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ ուղարկվել մահվան: Ամերիկայի հայ համայնքի և ամբողջ աշխարհի հետ միասին ես սգում եմ անմեղ մարդկանց մահն ու տառապանքները»,-հայտարարել է նա:
Թրամփի խոսքով՝ մարդկության պատմության այդ մռայլ իրադարձությունների մասին մտորելիս «մենք նաև ընդունում ենք հայ ժողովրդի ամրությունը»:
«Նրանցից շատերը նոր կյանք սկսեցին Միացյալ Նահանգներում և անգնահատելի ներդրում ունեցան մեր երկրում՝ միաժամանակ պահպանելով պատմական հայրենիքի մասին հիշողությունները, որտեղ նրանց նախնիները հիմնել են հին աշխարհի մեծագույն քաղաքակրթություններից մեկը: Մենք պետք է հիշենք գազանությունների մասին, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի պատմությունն ընդունելու թուրքերի և հայերի ջանքերը, որոնք կարևոր քայլ են ավելի արդար և հանդուրժող ապագայի հիմքեր կառուցելու ճանապարհին»,-նշվում է հայտարարությունում: