Իսրայելում հայտնաբերել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից պահպանված ոգելից ըմպելիքի շշեր (լուսանկար)
Իսրայելցի հնագետները հայտնաբերել են ոգելից ըմպելիքների մի քանի հարյուր շիշ, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պատկանում էին բրիտանացի զինծառայողներին: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը հղում տալով Associated Press գործակալությանը:
Նշվում է, որ մասնագետները որոնում էին աշխատանքի հին գործիքներ, բայց փոխարենը շշերի պահեստ են հայտնաբերել։
Հայտնում են, որ այն վայրում, որտեղ գտել են ջինի, վիսկիի, գարեջրի ու գինու շշեր, 1917-ին բրիտանական կայազոր էր տեղակայված։ Նույն վայրում հնագետները հայտնաբերել են համազգեստի կոճակներ, սափրվելու գործիքներ ու ձիու թամբեր։
«Սրանք հիանալի գտածոներ են: Մենք այդպիսով կարող ենք պատկերացում կազմել, թե ինչով են այն ժամանակ զբաղվել զինվորները: Գուցե այդպիսով նրանք հագեցրել են իրենց ծարավը»,-ասել է խմբի ղեկավար Ռոն Տուեգը՝ Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ: