Որոշ բժիշկներ սոցփաթեթից ու պետպատվերից «ալերգիա» ունեն
Երկու տարի է՝ պարտադիր բուժզննում եմ անցնում, որովհետև սոցփաթեթի շահառու եմ: Պարտադիր բժշկական ապահովագրությունը դրական երևութ է: Հակառակ կարծիք լինել, կարծում եմ, չի կարող: Պարտադիր ստուգում անցնելու ընթացքում, սակայն, շահառուն կարող է նյարդային կարևոր բջիջների հրաժեշտ տալ:
Այս տարի բուժզննումն անցա գերմարդկային ջանքեր գործադրելով, բավականին ժամանակ ծախսեցի (որը ես չունեմ): Նախ՝ մի քանի ժամ կանգնեցի բժիշկներից մեկի դռան առաջ, հետո երբ ներս մտա ու բժիշկը ուղեգրից հասկացավ, որ սոցփաթեթի շահառու եմ, փոխեց ոչ միայն դեմքի արտահայտությունը, այլև ձայնի տոնայնությունը՝ սկսեց մուննաթ գալ: Նրա մուննաթին հաջորդեց բուժքրոջ մուննաթը: Հաջորդ «կաբինետի» մոտ սպասեցի մոտ մեկ ժամ: Ստուգումն անցնելուց հետո բժիշկը, մի քիչ արհամարհական տոնավ, ասաց՝ ոցն որ խնդիր ունես, մի մեծ տոպրակ դեղ նշանակեց՝ ինչ-որ խնդրի համար:
Այս տարի մի ուրիշ խնդրի ևս հանդիպեցի. ասացին, որ բժիշկներից մեկը շատ է զբաղված, միայն 1,5 ամիս հետո կարող է ընդունել: (Դեռ լավ է, որ զգուշացրեցին, հակառակ դեպքում կարող էի բժշկի դռան առաջ սպասել): Հույս ունեմ պատճառը պետպատվերը չէ:
Իմ օրինակի մասին եմ գրում, բայց նկատի ունեմ այն բոլոր դեպքերը, երբ պետպատվերով հիվանդին անտեղի սպասեցնում են, «նեղացնում», ստիպում 3-րդ կամ 4-րդ սորտի մարդ զգալ:
Այս ընթացքում հոգատար բժիշկների ևս հանդիպեցի: Պետական բոլոր ծրագրերը, լավ բժիշկների աշխատանքն ու էլի մի շարք լավ երևույթներ կարող են բացասական երանգ ստանալ սոցփաթեթից ու պետպատվերից «ալերգիա» ունեցող բուժաշխատողների պատճառով:
Տաթև Տիգրանյան. ֆեյսբուք;