Հայրիկյանը մասնակցում է մայիսի 28-ի տոնակատարությանը
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր սովորույթը չի խախտել և այս տարի էլ սովորականի պես մասնակցում էր մայիսի 28-ի տոնակատարությանը: Այս տարի էլ Հայրիկյանը շնորհավորեց տոնի կապակցությամբ ու ասաց, որ ինքը համամիտ չէ, որ մայիսի 28-ը կոչվի Առաջին հանրապետության օր, այլ ըստ Հայրիկյանի' այն պետք է կոչվի Հայաստանի անկախության օր կամ պետականության վերականգման օր: Իսկ սեպտեմբերի 21-ը ԱԻՄ առաջնորդը համարում է ինքնորոշման օր:
Պարույր Հայրիկյանը շեշտեց, որ առաջին անգամ անկախության օրը 1988թ.-ին' ԱԻՄ-ի նախաձեռնությամբ և նախորդող 70 տարիների ընթացքում մայիսի 28-ը կոչվել է Հայաստանի անկախության օր, հետո փոխվել է. «Քաղաքական կյանքին տիրացած ՀՀՇ-ականները, դրսևորելով բացառիկ սակավամտություն, այս օրը կոչեցին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օր: Մինչդեռ 1918-ին հայ ժողովուրդը պայքարում էր պետականության վերականգնման համար»:
Այս թեմայի վերաբերյալ Հայրիկյանը նամակներ է գրել բոլոր քաղաքական ուժերին, բոլորը դրական պատասխան են տվել, բացի ՀՀՇ-ից:
Ինչ վերաբերում է Առաջին Հանրապետության գործիչներին Հայրիկյանի կարծիքով` 1918թ.-ին և դրանից առաջ Հայաստանում չի եղել մի քաղաքական ուժ, որը պատրաստ լիներ անկախությանը: