Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրն է
1918 թվականի մայիսի 28-ին' մայիսյան հերոսամարտներից' Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը: Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականներն ու սովը, ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն:
1918թ. հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան), արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան, արդարադատության նախարար՝ Գ. Պետրոսյան:
1918թ. հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, նարնջագույն):
1918թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը' հյուրերի և 46 պատգամավորի մասնակցությամբ, որի կազմը ձևավորվել էր Ազգային խորհրդի եռապատկումով ու այլազգիների ներգրավումով. 38 հայ, 6 թուրք-թաթար, մեկ ռուս և մեկ եզդի:
Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը բռնի ձևով խորհրդայնացվեց: