Չեխիայում սպառնացել են էբոլա վիրուս տարածել առևտրի կենտրոններում
Չեխական ոստիկանությունը տեղեկացրել է, որ Սլովենիայի և Շվեդիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Չեխիայում ահաբեկչական գործողություն իրականացնել փորձող կասկածյալներին: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
Նրանք սպառնացել են խմելու ջուրը վարակել թույներով և տարածել էբոլա վիրուսը` պահանջելով հանրապետության կառավարությունից մեծ փրկագին տալ իրենց մտադրություններից հրաժարվելու դիմաց: Այս մասին տեղեկացնում է Չեխական ռադիոն:
«Կասկածյալները սպառնացել են տարածել վիրուսը չեխական առևտրի կենտոններում: Նրանք մտադիր են եղել թունավորել խմելու ջրի պաշարները»,- նշում է ռադիոն:
Շվեդիայում ձերբակալվել է տեղական համալսարաններից մեկի ուսանողը, ով թունավոր նյութերի մուտք ուներ: Ոստիկանությունն ուսումնասիրել է լաբորատորիաների տեսախցիկների տեսանյութերը, որտեղ երևում է, որ ուսանողը թույն է հանում պահոցներից: Նրա գործընկերը, ով գտնվում է Սլովենիայում, պետք է վտանգավոր բեռը Չեխիա տեղափոխեր: