Ստյոպա Սաֆարյանը ավագանու նիստերին աներձագի մասին անեկդոտ պատմելո՞ւ է. պարզաբանում է ինքը՝ Սաֆարյանը
«Ես աշխատելու եմ երևանցու հետ, ես չեմ աշխատելու Տարոն Մարգարյանի հետ,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու նորընտիր անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատրաստվում աշխատել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ,- այնտեղ ևս իրավիճակը շատ նման է ԱԺ-ին, երբ քո կամքից անկախ աշխատում ես մարդկանց հետ, որոնց գտնում ես, որ իրենց փոխարեն այլ մարդիկ պիտի լինեին այնտեղ. նույնն է նաև ավագանու պատկերը. ավագանին այլ մեծամասնություն պետք է ունենար:
Ավագանիում դու աշխատում ես երևանցու համար, այն որևէ մեկի պապենական կալվածքը չէ, որևէ մեկի պապիկի կամ հայրիկի ժառանգությունը չէ. այնտեղ լինելու եմ որպես երևանցի, աշխատելու եմ երևանցու հետ և երևանցու համար»:
-Չէ՞ որ քաղաքապետն էլ է երևանցի:
-Հետո ինչ, այսօր է քաղաքապետ, էդպիսի՞ քաղաքապետներ են անցել մեր քաղաքի գլխով. 2009 թվականից մինչև այսօր երեք քաղաքապետ է փոխվել:
Էդպես սովորեցրել են Երևանի քաղաքապետին, թե ինքը խան է, Երևանի խանն է, Երևանի քաղաքապետն ընդամենը կատարում է ավագանու որոշումները, Երևանի տերն ավագանին է, ոչ թե քաղաքապետը, այլ բան է, երբ որոշ ավագանիներ իրենց իրավունքը զիջել են քաղաքապետին:
«Բարև Երևան» դաշինքի անդամները չեն պատրաստվում իրենց իրավունքները զիջել որևէ մեկին:
-Վերընտրված ավագանին կկարողանա՞ բացատրել քաղաքապետին, որ այլևս քաղաքի խանը չէ և պետք է ենթարկվի ավագանուն:
-Ես չգիտեմ՝ ով է պատրաստվում իր իրավունքը զիջել, բայց «Բարև Երևան»-ը չի պատրաստվում զիջել:
-ԲՀԿ-ի հետ համագործակցություն կլինի՞:
-Եթե ԲՀԿ-ն իր որոշումը կայացնի և հայտարարի, որ ընդդիմություն է, ապա պատրաստ ենք համագործակցել:
-Արմեն Մարտիրոսյանի մասնակցությամբ սկանդալային տեսանյութի հետ կապված ի՞նչ կասեք:
-Տարածում եք, որ ի՞նչ անեք:
Եվ մի հումորային հարց, քանի որ արդեն բլոգերներից ոմանք այն կարծիքն է հայտնել, որ քաղաքապետարանում ավագանու նիստերի ժամանակ աներձագի մասին անեկդոտներ եք պատմելու, ի՞նչ կասեք այս մասին, սպասելի՞ են նման անեկդոտները:
Ես իմ աշխատավայրին շատ լուրջ եմ մոտենում և վերաբերվում, ուստի այդտեղ աշխատելու եմ. միգուցե անեկդոտներ պատմելու այլ վայրեր լինեն:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը