Սեպտեմբերին ընդդիմադիր լուրջ կոնսոլիդացիա է լինելու. հիմա դեռ կուլիսային փուլում է
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում «ընդդիմադիր նոր օրակարգ և նոր կոնսոլիդացիա է ձեւավորվում», որը, սակայն, հիմա կուլիսային է և խմորման փուլում:
«Եղել են որոշակի շփումներ, ու կա նախնական ընդհանրություն, որ պետք է կոնսոլիդացիա՝ կյանքի որակը փոխելու համար: Հավատացած ձեզ ասում եմ՝ լուրջ կոնսուլտացիաներ կան եւ դրանք հիմա էլ գնում են»,-ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ ինքը նույնպես ընդգրկված է այդ քննարկումներում: ՆԺԿ ղեկավարի խոսքով՝ ինֆորմացիայի և շփումների արդյունքում իր համար հատկապես անակնկալ է եղել, որ սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես են գալու «ոչ կտրուկ դիրքորոշում հայտնող ընդդիմադիրները»:
Կարապետյանը նաև ասել է, որ հեռախոսային շփումներ է ունեցել որոշ ընդդիմադիր գործիչների հետ ու այդ զրույցներից հետո տպավորություն է ստացել, որ կոնսոլիդացիան լինելու է լայն. «Կարծում եմ՝ մինչեւ սեպտեմբեր այս կոնսուլտացիաների փուլը կշարունակվի, իսկ արդեն սեպտեմբերին ամեն ինչ ավելի ռեալ կլինի»,-նշել է նա»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: