Մասնագետները` Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման մասին
Այսօր` մարտի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանը և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանն անդրադարձան Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը:
Ըստ փորձագետի՝ Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման նպատակը կայանում է վերականգնողական արդարադատությունը:
«Պրոբացիան ազատությունն անձի նկատմամբ վերահսկողական միջոցների ամբողջությունն է, որոնցից մեկը՝ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան է»,- նշեց փորձագետը :
Իսկ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանն էլ նշեց,որ այսօր Հայաստանում ներդնելով պրոբացիոն ծառայությունը, վստահ չէ,որ իշխանությունները գիտակցում են, թե ինչ է իրենից ներկայացնում այս ինստիտուտը:
«Խնդիրն այն է, որ այսօր մենք ներդնում ենք պրոբացիոն ծառայություն, բայց համոզված չեմ, որ մեր իշխանությունները գիտակցում են, թե ինչ է դա իրենից ներկայացնում: Պետք է հասկանալ, որ եթե ասում ենք պրոբացիոն ծառայություն, ապա, այն պետք է հագեցած լինի մասնագետներով, միջոցներով: Այլապես, մենք որևէ արդյունքի չենք հասնի»,- նշեց Արման Դանիելյանը:
«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանն էլ նշեց, որ շատերն այս ինստիտուտը շփոթում են, նշելով թե մենք աշխատում ենք վաղաժամ ազատման համար:
«2012թ. սկսած հետազոտություն ենք իրականացրել և այս նախագծի հիմքերը դրել ենք Արդարատաության նախարարության հետ միասին: Բազմաթիվ պաշտոնյանների շուրթերից, երբ հնչում է բանտերի բեռնաթափման և գերբնակեցման խնդիրը, սա պրոբացիոն ծառայության խնդիրներից մեկն է: Ստացվում է այնպես, որ պրոբացիոն ծառայությունը՝ ներման, վաղաժամ ազատման համար առանձին ինստիտուտ է: Բայց բնավ այդպես չէ: Պրոբացիոն ծառայությունը՝ մուտքի վիզան դեպի քրեակատարողական հիմնարկ սահմանափակող ինտիտուտն է»,- եզրափակեց Արշակ Գասպարյանը: