Սիրիայում քիմիական զենք է կիրառվել
Իսրայելի իշխանությունները վստահում են հաղորդագրություններին, որոնց համաձայն Սիրիայում քիմիական զենք է կիրառվել և մտադիր են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել այս հարցը: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այս մասին հաղորդել է տեղի ռադիոկայանը` վկայակոչելով Իսրայելի ռազմավարական հարցերով և հետախուզության գործերով նախարար Յուվալ Շտայնցին:Բարձրաստիճան պաշտոնյան չի նշել, թե իր տվյալներով հստակ ով է կիրառել քիմիական զենք` սիրիացի գրոհայիննե՞րը, թե՞ Սիրիայի կառավարական զորքերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հալեպի նահանգում պայթել է քիմիական մարտալիցքով հրթիռ, ինչի հետևանքով զոհվել է 25 մարդ: «Ակնհայտ է, որ քիմիական զենք կիրառվել է»,- ասել է Շտայնիցը և հավելել, որ խնդիրը պետք է շուտափույթ լուծում ստանա, քանի որ քիմիական զենքն օգտագործվել է քաղաքացիների դեմ: Իսրայելը բազմիցս սպառնացել է ռազմական ներխուժում իրականացնել, եթե Սիրիայի վարչակարգը կորցնի քիմիական զենքի, հեռահար հրթիռների կամ ՀՀՊ համակարգերի վերահսկողությունը: