Boeing-ի բեկորներն ու զոհերի մնացորդները կուղարկվեն Նիդեռլանդներ
Մալազիական Boeing-ի բեկորներն ու Դոնբասում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների մարմինների մնացորդները Խարկովից կուղարկվեն Նիդեռլանդներ: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Խարկովի տարածաշրջանային պետական կառավարման մամլո ծառայությանը:
«Այսօր ողջ արարողությունը նախատեսված է անցկացնել առավոտյան ժամը 11.45-ից: Տեղի կունենա Նիդեռլանդների նախարարի ճեպազրույցը: Այսօր կուղարկվեն և՛ զոհվածների մնացորդները, և՛ ինքնաթիռի բեկորները»,-ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ մամլո ծառայությունում չեն հայտնում՝ ինչպես է տեղի ունենալու փոխադրումը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ փորձագետներին հաջողվել է հավաքել 650 կուբամետր բեկոր: Մասնագետների գնահատականների համաձայն՝ փոխադրման համար անհրաժեշտ կլինի 16 բեռնատար: