Պրն. Սաֆարյան, մի՛ շահարկեք Լևոն Արոնյանի անունը
Opeativ.am-ի թղթակիցը զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության չորրորդ գումարման պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հետ՝ իր հետևյալ գրառման հետ կապված.
-Պրն. Սաֆարյան, Ձեր գրառման մեջ Դուք նշում եք, թե պետք է հորդորել Լևոն Արոնյանին, որ վերջինս թույլ չտա, որպեսզի իր անունն օգտագործվի ժողովրդի դեմ, այլապես նա տուժելու է այնպես, ինչպես Շուշան Պետրոսյանը, չե՞ք կարծում, այս դեպքերում նույնիսկ համեմատության եզրեր չեն կարող լինել:
-Ես անկեղծ կասեմ՝ ափսոսում եմ նաև Շուշանին. ինքը քաղաքականության մեջ անփորձ է, ճիշտ է քաղաքականության մեջ երբեք իր համակիրը չեմ եղել, երբեք ինձ դուր չի եկել նրա քաղաքական կեցվածքը, սակայն դա էական չէ, պարզապես առաջ Շուշան Պետրոսյանը` որպես երգչուհի այլ ընկալումով էր գիտակցվում, իսկ այժմ՝ որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ և քաղաքական գործիչ, միանգամայն այլ կերպարով է գիտակցվում: Մտավորականները նույնպես մարդիկ են և կարող են սխալվել, բայց սա զուտ քաղաքացիական կերպարի խնդիր է, եթե դու արդեն քաղաքականություն ես մտնում, ապա արվեստագետին արդեն գնահատում ես արվեստի բնագավառում իր կատարածով:
Ճիշտ է` Շուշանին ափսոսում եմ, բայց չեմ կարող մեղադրել ուրիշներին, երբ քննադատում են իրեն, դա իր ընտրությունն է եղել, ես չէի ցանկանա ո'չ Սմբատ Լպուտյանին, ո'չ Լևոն Արոնյանին, ովքեր իսկապես պայծառ անհատականություններ են, տեսնել մի ցուցակում, որը թիրախ է լինելու բոլոր կողմերից:
-Որևէ առիթ եղե՞լ է, որ Արոնյանի անունը կապվի ՀՀԿ-ի հետ:
-Ընդհանուր առմամբ այս ամբողջ տարիների ընթացքում նկատելի է եղել, որ գործող իշխանությունը փորձում է շախմատիստների ունեցած հաջողությունները մանիպուլյացիայի միջոցով վերագրել իրեն: Առավել ակնհայտ է, որ փետրվարի 18-ից հետո, երբ ժողովուրդը թույլ չտվեց Սերժ Սարգսյանին լեգիտիմացնել քրեա-օլիգարխիկ ռեժիմը և իր իշխանությունը, այս պարագայում վտանգավոր կլինի այն մարդկանց վարկանիշի համար, ովքեր թույլ կտան իրենց անունը շահարկել: Սմբատ Լպուտյանը, ցավոք սրտի, թույլ է տվել, որպեսզի իր անունը շրջանառվի` որպես ՀՀԿ ավագանու ցուցակի անդամ:
Պրն. Սաֆարյան, չէ՞ որ այս պահին հենց Դուք եք շահարկում Արոնյանի անունը:
-Ես չեմ շահարկում, ուղղակի ուզում եմ հորդորել իմ հայրենակցին՝ մեծ հայ մարդուն, քանի որ մտահոգություն ունեմ. ներկայիս իրավիճակում ՀՀԿ-ն ոչինչ չի մնում, քան նման հայտնի անուններին օգտագործելը:
Դուք նկատի՞ ունեք այն սոցիալական գովազդը, որում նկարահանվել է Արոնյանը:
-Ոչ, այդ սոցիալական գովազդը շատ լավ գովազդ է, որտեղ Լևոնը նշում է, որ հաղթանակը չի վաճառվում, ընդհակառակը՝ նա փայլուն ակցիայի է մասնակցել, այս առումով նրա արածը ֆանտաստիկ մեծ է:
-Պրն. Սաֆարյան, անձամբ իմ սուբյեկտիվ մոտեցմամբ՝ ո չ՛իշխանության, ո՛չ էլ ընդդիմության որևէ ներկայացուցիչ իրավունք չունի շահարկել Արոնյանի անունը՝ քաղաքականության հետ կապված որևէ հարցերում:
-Ճիշտ եք ասում, բայց ես չեմ շահարկում, անունը տալ դեռևս չի նշանակում շահարկել:
-Տալով նրա անունը՝ արդեն իսկ որոշակի կապ եք ստեղծում նրա և քաղաքական ներկայիս դեպքերի հետ:
-Եթե ես առաջարկեի Արոնյանին մտնել «Ժառանգության» խմբակցություն, Դուք իրավացի կլինեիք, բայց տվյալ պարագայում ես չէի ցանկանա, որ Արոնյանը հայտնվի այն նույն վիճակում, ինչ Շուշան Պետրոսյանը:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը