Ի՞նչ վիճակում են գտնվում ՀՀ-ի նշանավոր կառույցները և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանց պահպանման համար. պարզաբանում է Մկրտիչ Մինասյանը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ճարտարապետների միության» նախագահ Մկրտիչ Մինասյանն անդրադարձավ նաև ՀՀ-ի մշակութային շենքերի պահպանությանն ու վերականգնման խնդրին:
«Կան կառույցներ, որոնց հիշում ենք անցյալով, որովհետև դրանք արդեն չկան, օրինակ՝ «Սևան» հյուրանոց»-ն ու «Երիտասարդական պալատ»-ը, բայց կան շինություններ, որոնք մենք կարող ենք փրկել: Նման շենքերին են դասվում Կինոմոսկվայի ամառային թատրոնը, «Զվարթնոց» օդանավակայանի շենքը և Աճառյան դպրոցի շենքը, որոնց համար վաղը չէ մյուս օրը մենք պատրաստվում ենք նամակ ուղղել Մշակույթի նախարարությանը, որպեսզի այնտեղի հանձնաժողովը քննության առնի այս շինությունների ճակատագիրը»,-նշեց բանախոսը:
Անդրադառնալով Աճառյանի դպրոցին՝ միության նախագահը նկատեց, որ շենքը պետական կարևորություն ունի, քանի որ այնտեղ կրթվել են մի շարք մտավորականներ, բացի այդ՝ շենքը ներառված է հուշարձանների ցուցակի մեջ, ուստի զարմանալի է, որ պետությունը նման անփույթ վերաբերմունք է ցուցաբերում օբյեկտի նկատմամբ:
Ինչ վերաբերում է Աֆրիկյանների շենքին, ապա այս առումով բանախոսը նշեց, որ սա 19-րդ դարի քաղաքային նշանակություն ունեցող շենք է և պատմական նշանակություն չունի, ուստի վտանգելով մարդկանց անվտանգությունը և նեղացնելով փողոցը չարժեր նման ռիսկի դիմել:
Վարդուհի Ստեփանյան