Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը
Մահացել է ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1967-1971թթ), Երևանի պատվավոր քաղաքացի (2001) Հակոբ Հակոբյանը:
Ծնվել է 1923թ. Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին:1962-ին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան: Հակոբյանն իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. «Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» գործերը այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են ։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդհանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում և «Ընտանիք» քանդակում։