«Մանկական Եվրատեսիլ 2014»-ի գաղտնիքների և Բեթթիի թալիսմանի մասին (տեսանյութ և լուսանկարներ)
LifeStyleԱյս տարի «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի 11-ամյա Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) «Արևի մարդիկ» երգով: Երգի տեսահոլովակը նկարահանվել է «Սելֆի» վիդեո տարբերակով, ինչը Եվրատեսիլյան հայաստանյան պրակտիկայում առաջին փորձն է:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մրցույթի վերաբերյալ որոշ մանրամասներ հայտնեցին «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, «Մանկական Եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան մասնակից Բեթթին և բեմադրող պարուսույց Քրիստինա Ավագիմյանը:
«Մեր նպատակը հայ երեխաների ողջ հմայքն ու գեղեցկությունը ցույց տալն է: Ելույթի ժամանակ կլինի լեդային գրաֆիկա: Սրա համար մենք սովորաբար խնդիրն ենք ունենում, բայց այս տարի մեծերի «Եվրատեսիլ»-ի ժամանակ արված պատրաստությունները ցույց տվեցին, որ եթե ամեն ինչ մենք ինքներս ենք անում, ապա ավելի լավ է ստացվում»,-նշեց Գոհար Գասպարյանը:
Բանախոսը հավելեց նաև, որ այս տարի փոփոխություններ են տեղի ունեցել նաև արդյունքները հայտնելու կարգում: Վերջինս պետք է հայտնի երեխա, ով արդեն եղել է բեմում: Այս տարի Հայաստանի միավորները կհայտնի «Մանկական Եվրատեսիլ 2013-ի» հայաստանյան մասնակից Մոնիկա Ավանեսյանը:
«Սա մրցույթին մասնակցելու իմ երկրորդ փորձն է և առաջին անգամն է, որ իմ անունով եմ ներկայանում: Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ հենց ես ընտրվեցի, քանի որ այնտեղ բոլորն իմ ընկերն էին և ուժեղ երգեր կային: Երբ հնչեց իմ անունը, ես անչափ ուրախացա: Իմ երազանքը կատարվեց, իսկ հիմա ես մի նոր երազանք ունեմ. ուզում եմ հաղթել այնտեղ, որպեսզի հաջորդ Եվրատեսիլը անցնի Հայաստանում»,-նշեց մրցույթի այս տարվա մասնակից Բեթթին:
Այն հարցին, թե ինչու է տեսահոլովակը նկարահանվել սելֆի տարբերակով` Բեթթին պատասխանեց, որ բոլորը սիրում են սելֆի անել և այդպես տեսահոլովակն ավելի հետաքրքիր և զվարճալի է դարձել: Անդրադառնալով տեսահոլովակին՝ Գոհար Գասպարյանը նշեց, որ մեկ շաբաթվա ընթացքում հոլովակը հավաքել է 56 հազար դիտում, որը լավ ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ:
Անդրադառնալով բեմադրությանը բեմադրության հեղինակ Քրիստինա Ավագիմյանը նշեց, որ Բեթթին բեմում միայնակ չի լինի: Բեմում նրա հետ հանդես կգա երեք ակրոբատ աղջիկ և երկու տղա:
Հանդիպման ժամանակ Բեթթին անդրադարձավ նաև իր թալիսմանին, որոնց ամենուր իր հետ է տանում:
Մանրամասները` տեսանյութում:
Վարդուհի Ստեփանյան