Ո՞րն է Մարտի 8-ի ամենադասական նվերն՝ ըստ Նազենի Հովհաննիսյանի
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց կանացի և գրավիչ հաղորդավարուհու՝ Նազենի Հովհաննիսյանի հետ՝ կանանց միամսյակի տոների մասին.
-Եվս մեկ անգամ շատ հաճելի ու կարևոր առիթ է հարազատ կանանց ու ընկերներին շնորհավորելու համար և մաղթենք այն ամենը, ինչը սովորական օրերին գուցե ամաչում ենք կամ ավելորդ ենք համարում: Ես հետաքրքիր առաջընթաց եմ նկատում, որ Մարտի 8-ն ավելի կարևորվել է հատկապես կանանց համար, իսկ մյուս կողմից էլ տղամարդկանց համար սա այլևս պարտավորություն չէ, ես դա շատ եմ նկատել և անկեղծորեն ուրախանում եմ. կինն արդեն հանդես է գալիս ոչ միայն որպես մայր, այլև հասարակական-քաղաքական գործիչ:
Նազենիի խոսքով՝ առավել կարևորվել է մեր հասարակության մեջ կանանց դերը, նախկինում հասարակությունը ասոցացվում էր տղամարդկանց հետ, սակայն այսօր կնոջ դերն անշուշտ մեծացել է:
Խոսելով նվերների մասին՝ հաղորդավարուհին նշեց, որ հատուկ սիրված նվերների ցանկ չունի, քանի որ ուշադրությունն արդեն իսկ հաճելի է:
-Մեր ասպարեզում նվերների հետ կապված հաճախ չափն անցնում են. նվերներ են մատուցում՝ առանց հարցնելու, թե որքանով է քեզ հաճելի այն ստանալ, փորձում ես կոռեկտորեն ընդունել կամ ոչ. կախված է նաև նրանից, թե ով և ինչպես է մատուցում այն:
Հաղորդավարուհին այն հստակ համոզմունքը հայտնեց, որ նվերի արժեքը չէ, որ կարևորվում է. -Երկու օր առաջ ստացա շատ հետաքրքիր ասեղնագործ խաչ մի արվեստագետի կողմից, ով տեսել էր ինչ-որ հարցազրույց և նվիրել այդ գործը. նվերի թանկաժեքությունը նրա հարազատության մեջ է, երբ քեզանից որևէ հարցազրույց տեսնելով, քեզ ընկալում են որպես հարազատի, դա չընդունելն, իհարկե, մեծ մեղք է:
Նազենի Հովհաննիսյանը նշեց Մարտի 8-ի ամենայուրօրինակ նվերի մասին.
-Բոլոր տղամարդկանց կասեմ՝ դարեր էլ անցնեն, ամեն դեպքում ամենադասական նվերը կլինի ռոմանտիկ երեկոն՝ բնականաբար ծաղկեփնջի առկայությամբ. դա միշտ ակտուալ կլինի:
Վերջում Նազենին ցանկացավ շնորհավորել կանանց և աղջիկներին և նշեց.
-Գարունը ասոցացվում է մի շարք բարդությունների հետ, թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական, թե՛ ոմանց համար անցումային շրջանով, բայց մի բան փաստ է. գարունը, երբ գալիս է, բերում է նոր կյանք ու սեր: Շնորհավոր բոլորի Մարտի 8-ը, և վստահ եմ, որ այն մայրերը, ովքեր վաղաժամ հեռացել են, նաև իմ մայրիկին եմ շնորհավորում, հաստատ երկնքից տեսնում են:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը