Կայացել է «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկի շնորհանդեսը
Այսօր' մարտի 8-ին, Երևանում կայացել է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար նախատեսված առաջին հայկական բլոգի և «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկի շնորհանդեսը:
iKin.am բլոգային կայքի խմբագիր Զառա Բաթոյանը շնորհանդեսի ընթացքում նշել է, որ այս նախաձեռնության հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել կանանց կիսել իրենց խնդիրները և հաջողությունները, քննարկել իրենց հուզող հարցերը և լուծումներ առաջարկել դրանց համար:
«Հաշմանդամություն ունեցող կանայք հիմնականում մեկուսացած են կարծրատիպերի պատճառով և այս կայքը հենց այդ կարծրատիպերը կոտրելու հնարավորություն կտա, որտեղ բոլորը կարող են ներկայացնել իրենց հուզող խնդիրները, կարիքները, փորձառությունը»,- ասել է Զառա Բաթոյանը:
«Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկի թարգմանությունն ու հրատարակությունը նախաձեռնած «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց ՀԿ ղեկավար Կարինե Գրիգորյանն ասել է, որ գրքույկն առողջության մասին ձեռնարկ չէ, բայց պարունակում է հակիրճ ու հասանելի տեղեկատվություն հաշմանդամության սոցիալական պատճառների վերաբերյալ, որոնք կօգնեն որոշակիորեն փոխել ընտանիքներում և հասարակությունում հաշմանդամություն ունեցող կանանց առողջությանը վերաբերող վնասակար համոզմունքներն ու սովորությունները:
Բլոգի ստեղծմանն աջակցել է Մոբիլիթի Ինթերնեյշնլ ԱՄՆ կազմակերպության Սիդ գրանտս ծրագիրը, որը հովանավորվում է Չենլ հիմնադրամի կողմից: