1874թ-ին այս օրը ծնվել է Օննիկ Չիֆթե-Սարաֆը, արևմտահայ գրող, արձակագիր
Օննիկ Չիֆթե-Սարաֆը՝ Հովհաննես Աբիսողոմյանը ծնվել է 1874թ-ի հոկտեմբերի 26-ին և մահացել 1932թ-ի հուլիսի 11-ին: Արևմտահայ արձակագիր է։
Ծնվել է Կ. Պոլսի Սկյութար թաղամասում։ Սկզբնական կրթությունը ստացել է Գատը գյուղի Արամյան դպրոցում և ապա Կեդրոնական վարժարանում։ Նյութական անբարենպաստ պայմանների պատճառով վերջին դասարանից դուրս է գալիս և աշխատում է որպես վաճառատան գրագիր։
1900-ին «Սուրհանդակ» թերթում տպագրել է գրական ակնարկներ «Նժդրակի հարվածներ» ընդհանուր վերնագրով, Օննիկ Չիֆթե Սարաֆ ստորագրությամբ։ Հաջորդ տարում նա հրավիրվում է աշխատակցելու Գրիգոր Զոհրապի և Արփիար Արփիարյանի խմբագրած «Մասիս» շաբաթաթերթին, որտեղ և տպագրվում են նրա առաջին «Ճերմակներով», «Մեծ «այո»-ն» և այլ նորավեպեր։ Վերջինս արժանանում է «Մասիսի» հայտարարած մրցանակաբաշխության երկրորդ մրցանակին։
1902-03-ին Չիֆթե-Սարաֆը ճանապարհորդում է Եվրոպայում։ Լինում է Իտալիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Անգլիայում։ Խիստ շահեկան և տպավորություններով հարուստ այդ ուղևորության արդյունք են մի շարք նորավեպեր և ճանապարհորդական ակնարկաներ՝ «Մշուշի միջեն», «Ռոմա», «Տոմոն», «Մորկեն մեջ» և այլն։ 1903-ին «Ծաղիկ» շաբաթաթերթում հրատարակված «Միամիտի մը արկածները» վեպը ևս այդ ուղևորության արդյունք է։ Հետագա տարիներին «Մասիս», «Ծաղիկ», «Արևելյան մամուլ», «Շիրակ», «Հայ գրականություն», «Շանթ» պարբերականներում, Թեոդիկի և այլ տարեցույցներում, «Բյուզանդիոն», «Նոր լուր», «Արև» օրաթերթերում հրապարակվում են Չիֆթե-Սարաֆի նորավեպերն ու պատկերները, ուղեգրական ակնարկները, թարգմանությունները (Վիկտոր Հյուգոյից, Անատոլ Ֆրանսից, Պոլ Բուրժեից և այլ հեղինակներից) և բազում հոդվածներ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Չիֆթե-Սարաֆը բանակ է կանչվում և այս կերպ ազատվում գրչակից ընկերներին վիճակված զարհուրելի սպանդից։ Նա փախչում է բանակից և մինչև զինադադար ծպտված ապրում Պոլսում։
1919-ինստանձնում է «Հայ միտք» շաբաթաթերթի հրատարակությունը։ Մինչև 1922-ը ապրել է Պոլսում, ապա քեմալական շարժման հաղթանակից հետո հայ որբերի հետ անցել է Հունաստան, պաշտոնավարել հունական Քորֆու որբանոցում։ 1923-32-ին աշխատակցել է սկզբում Մարսելում, ապա՝ Ժնևում որպես ուսուցիչ։ Այս տարիներին նա գրում է «Բարի և չարի խոսքեր», «Ազգային տիպեր» պատկերոշարքերը, «Նոյան տապանեն» երգիծական ակնարկները և բազմաթիվ այլ գեղեցիկ էջեր։
Վախճանվել է ծանր վիրահատությունից հետո։