Պահանջվում է միլիոնատե՞ր, թե ՀՀՌԸԽ նախագահ
Փաստորեն ճիշտ են ասում, որ կյանքը աստիճան է, այն էլ ինչ աստիճան՝ էլեկտրատեխնիկից ՀՀՌԸԽ նախագահ: Թե ինչ սկզբունքով են նշանակվում` պարզ է, բայց ինչպես քաղաքակիրթ ձևն է պահանջում, պետք է տեղյակ լինել, թե ով է գլխավորելու Հանրային հեռուստաընկերությունը:
Նա 1994թ.-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: Կենսագրության առաջին տողերը զարդարում է այն, որ 1991-1994թթ Երևանի բժշկական ինստիտուտի թիմի կազմում մասնակցել է ՈւՀԱ Բարձրագույն լիգայի խաղերին: Սակայն ՀՀՌԸԽ նախագահ լինելու համար պետք է ունակ լինել վերահսկելու մի ոլորտ, որը մեծ պատասխանատվություն է կրում դաստիարակչական, կրթական և ժամանցային առումներով: Սակայն Ռուբեն Ջաղինյանը բազմաթիվ հումորային հաղորդումների, երաժշտական նախագծերի պրոդյուսերն է, բայց չէ՞ որ մյուս կողմում էլ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն է, որի նախագահ լինելու համար, օրենքն է պահանջում, հայերենի գերազանց իմացությունը, նման այլ ընկերության սեփականատեր լինելը պարտադիր է: Ի դեպ, մեկ այլ թեկնածու Աստղիկ Ավետիսյանը բոլոր կետերին համապատասխանում էր, բայց «Շարմ Հոլդինգի» տնօրենն ու սեփականատերը չէր:
Սակայն, հիմա ո՞վ է հարցնում ինչ գիտես, բոլորը հարցնում են ի՞նչ ունես: Նախագահի հրամանագրով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ նշանակվեց «Շարմ Հոլդինգի» սեփականատեր Ռուբեն Ջաղինյանը: Չգիտես ինչու Հայաստանում բոլորը պետք է շքանշան և մեդալ ունենան, իսկ հանրապետականները, որոնք Նժդեհին դարձրել են մատի փաթաթան, իրենց ով սիրում է, «Գարեգին Նժդեհ» մեդալ են տալիս: Դրանից Ռուբեն Ջաղինյանն էլ ունի, ստացել է 2007թ. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից' Ազգային բանակի կայացմանը և հզորացմանն ուղղված նշանակալի ավանդի համար: Հայկական մշակույթի ասպարեզում ունեցած ստեղծագործական ձեռքբերումների համար էլ, որ «Մեր Բակի», որ երաժշտական նախագիծ «Երևան-Մոսկվա տրանզիտի», որ վավերագրական կինոնկար «Քանի դեռ կամի» և այլնի պրոդյուսեր է եղել ուրեմն 2008թ.-ին էլ պետք էր «Մովսես Խորենացու» մեդալ տալ, նույն մեդալը շնորհվել է նաև Նարա Շլեպչյանին: Համեմատեք ինքներդ: ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալն էլ հայկական ջազի 70-ամյակին նվիրված տոնակատարության ( Armenian Jazz 70) կազմակերպման համար էր: Այս ամենին ո՞նց չհաջորդեր ՀՀ նախագահի մրցանակը արվեստի բնագավառում, որին հարյուրավոր արժանիներ չեն արժանացել, և սրանց էլ հաջորդելու էր «Պահանջվում է միլիոնատեր» կինոնկարը, որի պրոդյուսերը Ռուբեն Ջաղինյանն էր:
Մեկ էլ որտեղից որտեղ, հայտնի չէ ո՞ր թվականին Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է դառնում:
Քանի որ Հայաստանում մեկ անգամ ընտրվելու ժամկետից հետո դեռևս ոչ ոք հրաժեշտ չի տվել իր պաշտոնին, իսկ ում էլ որ նշանակում են, չեն ազատում աշխատանքից, ուրեմն ողբամ քեզ Հանրային ևս 10 տարի, շնորհավոր սերիալներ, դուք 10 տարի ևս բազմանալու եք, սերունդ եք տալու: Պատկերացնում եմ` ինչ «վագրներ» ու «այռուծներ» են Հանրայինում վազելու, ինչ հումորային հաղորդումներ ենք տեսնելու, որոնց գաղտնիքը ոչ մի «բալանի» չի բացելու:
Բ. Արաբյան