Այսօր հայ ականավոր գրող, մանկավարժ Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է
Խաչատուր Ավետիքի Աբովյան (հոկտեմբեր 15, 1809, Քանաքեռ -անհետացել է ապրիլի 2-ին, 1848) հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորիչ, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը. Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։
Աբովյանը մինչև տասը տարեկանը ապրել է գյուղում, որից հետո ծնողները նրան 1814 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ Ա Ձորագեղցուն։ 1819–22 թթ. հաճախել է էջմիածնի վանական դպրոցը։ Էջմիածնում Անտոն եպիսկոպոսի մոտ սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։ 1823 թվին մտնում է Ներսիսյան դպրոց, որտեղ ուսանել է հայկաբանություն, ճարտասանություն, ռուսերեն, պարսկերեն։
Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։
Պարրոտի աջակցությամբ Աբովյանը 1830—35-ին պետական թոշակով ուսանել է Դորպատի համալսարանում, հատուկ ծրագրով նախապատրաստվել ուսուցչական գործունեության։ Ուսումնասիրել է բնական և հասարակական գիտություններ, լեզուներ (գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն), եվրոպական գրականություն ու փիլիսոփայություն (Գյոթե, Շիլլեր, Հերդեր, Կանտ, Ռուսո և ուրիշներ), երաժշտություն, արհեստներ։ Սերտ կապեր է հաստատել եվրոպացի և ռուս մտավորականների հետ։ Ապրել է հոգևոր վերածնունդ։
Խաչատուր Աբովյանի երկերի մատենագրությունը
Երկերի լիակատար ժողովածու, հ. 1-10, Երևան, 1947-1961։
Երկեր, Մոսկվա, 1897։
Պարապ վախտի խաղալիք, Թիֆլիս, 1864։
Դիվան Խաչատուր Աբովյանի, հ. 1-2, Երևան, 1940-48։
Նախաշավիղ, Երևան, 1940։
Վերք Հայաստանի, Երևան, 1959։
Տիգրանի պատմությունը..., 1941։