Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվեց Ռուբեն Ջաղինյանը
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը մարտի 5-ին կայացած խորհրդի նիստում Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրել Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրամանագիր էր ստորագրել Ռուբեն Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և հաշվի առնելով ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 6-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մինչ Հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը, փետրվարի 26-ի նիստում քննարկելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված 2 դիմումը, որոշում է կայացրել հաղթող ճանաչել մրցույթի պահանջները բավարարող դիմումատուներին՝ Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանին և Աստղիկ Շամսի Ավետիսյանին: