Սթիվեն Սփիլբերգը կէկրանավորի Նապոլեոնի կենսագրությունը
«Շինդլերի ցուցակը» և «Լինքոլն» պատմական ֆիլմերի հեղինակ Սփիլբերգը հայտարարել է, որ սկսել է աշխատել Նապոլեոն Բոնապարտի մասին պատմող փոքր սերիալի վրա: Ֆրանսիացի կայսեր մասին ժապավենը կնկարահանվի ամերիկացի կինոռեժիսոր Սթենլի Կուբրիկի` 60-ականներին գրված սցենարի հիման վրա:
Ֆրանսիական Canal+ հեռուստաալիքին տված հարցազրույցում Սփիլբերգը նշել է, որ այժմ զբաղված է սցենարի վերամշակմամբ, որը սկզբնապես նախատեսված է եղել ֆիլմի համար: Սթենլի Կուբրիկը այս նախագծի վրա աշխատել է 60-ականների սկզբից: Պահպանվել է պրոդյուսերներին ուղղված նամակի սևագիր տարբերակը, որտեղ Կուբրիկը վստահաբար նշում է, որ «Նապոլեոնը» կդառնա «աշխարհի ամենահաջողակ ֆիլմը»: Որպես գլխավոր դերակատարների նախատեսվում էր հրավիրել Օսկար Վերներին և Օդրի Հեփբերնին, սակայն նկարահանումներն այդպես էլ չսկսվեցին ֆինանսական և տեխնիկական խնդիրների պատճառով:
Սա առաջին անգամը չէ, որ Սթիվեն Սփիլբերգը անդրադառնում է Կուբրիկի ժառանգությանը: Ռեժիսորի այրի Քրիսթիանա Կուբրիկի խնդրանքով 2001թ. Սփիլբերգը ավարտեց «Արհեստական ուղեղ» գիտաֆանտաստիկ ֆիլմի վրա տարվող աշխատանքը: Ինքը` Կուբրիկը, չի հասցրել նկարահանել նշված ֆիլմը, քանի որ գոհ չէր համակարգչային գրաֆիկայի զարգացման մակարդակից: