Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, Սեպտեմբեր 26, 1869, Քյոթահիա, - Հոկտեմբեր 22, 1935, Փարիզ), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու։ Նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։
Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին կամ հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերեն։ Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։
1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը (նա աքսորվել է Չանղր, որտեղից հաջողվել է վերադառնալ Պոլիս մի քանի ամիս հետո)՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը։ 1919 թ. փոխադրվել է Փարիզ, և մինչև կյանքի վերջը (Հոկտեմբեր 22, 1935) մնացել է հոգեբուժարաններում։ Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը։ 1936 թ. նրա աճյունը փոխադրվեց Երևան, որտեղ թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։ 1950-ական թվականներին իր ձեռագրերը նույնպես փոխադրվեցին Փարիզից Երևան։
Կոմիտասին է նվիրված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը պատկերազարդել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը։ Կոմիտասի կերպարին ու ստեղծագործությանն անդրադարձել են նաև մի շարք գիտնականներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, գրողներ և ուրիշներ։
Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր։