Այսօր հայ գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան օրն է
Եղիշե Թադևոսյան (1870 թ․ սեպտեմբերի 24, Վաղարշապատ - 1936 թ․ հունվարի 22, Թիֆլիս), հայ գեղանկարիչ։
1879–94 թթ-ին սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ 1894–95 թթ-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա վերադարձել է Մոսկվա։ 1896 թ-ին Թադևոսյանը մասնակցել է «Պերեդվիժնիկների» 24-րդ ցուցահանդեսին, 1898 թ-ին Մոսկվայի արվեստագետների ընկերության մրցույթում նրա «Կեսօրյա ճաշ» (1896 թ.) և «Քարոզ ուղղադավաններին» (1896 թ.) կտավներն արժանացել են մրցանակների։ 1898 թ-ին իր ուսուցչի՝ ռուս նկարիչ Վասիլի Պոլենովի հետ մեկնել է Պաղեստին, գրեթե ամեն տարի ճամփորդել Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի երկրներում (մինչև 1914 թ.), Ռուսաստանում և Հայաստանում, ստեղծել մի շարք գործեր։
Նկարիչն աշխատել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում. ստեղծել է գրաֆիկական, կիրառական արվեստի, բեմանկարչականգործեր, խճանկարներ, մանրաքանդակներ։ Թադևոսյանի առաջին իսկ գործերն արտահայտում են նկարչի խոր գունազգացողությունը, ամուր գծանկարը, կատարման բարձր մակարդակը։ Նրա որոշ գործերում («Դեպի պանդխտություն», 1895 թ., «Երկրպագություն խաչին», 1901 թ., և այլն) զգացվում է Վարդգես Սուրենյանցի արվեստի ազդեցությունը։
Թադևոսյանի բնանկարները երբեմն ներառում են մեծ կամ փոքր սյուժեներ՝ «Կոմիտասը Էջմիածնի լճի մոտ» (1893 թ.), «Մեր փողոցը Վաղարշապատում» (1921 թ.) և այլն։ Մեծ վարպետությամբ է պատկերել «Ալեքսանդր Շիրվանզադե» (1929 թ.), «Հովհաննես Թումանյան» (1933 թ.), «Կոմիտաս» (1935 թ.) և այլ դիմանկարներ։ Նրա արվեստում կարևոր տեղ ունեն հայ գյուղը, կենցաղը, գեղջկական կերպարները՝ «Հովիվն ու ոչխարները» (1895 թ.), «Խնձոր ունեմ խածած է» (1930 թ.) և այլն։ Թադևոսյանը մի շարք գործերում անդրադարձել է հայերի կոտորածների ու պանդխտության թեմաներին («Դեպի պանդխտություն», 1895 թ., «Կեսօրյա ճաշ», 1896 թ., և այլն), հայ ժողովրդի անցյալին և ավանդույթներին. ստեղծել է նկարաշար՝ «Հոգեհաց. Արտաշեսի մահը» (1910 թ.), «Տորք Անգեղ» (1910 թ.), «Արշակ և Փառանձեմ» (1921 թ.), «XI դարի աղջիկը» (1921 թ.), նաև հին հայկական հուշարձանները պատկերող բազմաթիվ բնանկարներ։
Մարդասիրական ու բարոյախոսական գաղափարներով են տոգորված նրա «Սիսարայի մահը» (1893 թ.), «Տիրամայր» (1917 թ.) կրոնական սյուժեներով գործերը։ Նկարչի «Հանճարը և ամբոխը» (1909 թ.), «Քրիստոսը և փարիսեցիները» (1919 թ.) հանրահայտ պատկերները արտահայտում են բողոք քաղքենի հասարակության դեմ։
Թադևոսյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական և այլ թանգարաններում։
Թադևոսյանի անունով Երևանում կոչվել է փողոց։