Թաղման արարողությունը հետաձգվել է
Ադրբեջանի Գեյչայի շրջանի Քյուրդամիշ գյուղում, որտեղ շաբաթ օրը պիտի կայանար առեղծվածային պայմաններում փետրվարի 28-ին զոհված զինվոր Սեյմուր Ալլահվերդիևի թաղումը, փաստորեն հայտարարվել էր արտակարգ դրություն:
Այսօր ոստիկանությունը հսկողություն է սահմանել գյուղ տանող բոլոր ճանապարհների վրա և ներս չի թողել Բաքվից ժամանած լրագրողներին և իրավապաշտպաններին:
Ոստիկանությունը ձեռնարկված միջոցառումները հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ զոհվածի հարազատները չեն ցանկանում շփվել լրագրողների և իրավապաշտպանների հետ:
Սակայն մահացած զինվորի հարազատները և ծնողներն իրենք են մոտեցել և պահանջել, որպեսզի նրանց թույլ տան մտնել գյուղ: Ոստիկանությունը փորձել է անտեսել նաև այդ պահանջը, բայց, ի վերջո, լրագրողների և իրավապաշտպանների անցումը դեպի գյուղ թաղման արարողության մասնակիցները ապահովել են ուժի կիրառմամբ:
Իրավապաշտպանները կարծում են, որ իրենց մուտքը գյուղ արգելելու հրահանգը տվել է Գեյչայի շրջանի գործադիր մարմինը:
Թաղումը պետք է կայանար կեսօրին, սակայն արարողությունը հետաձգվել է:
Հանգուցյալի հայրը պահանջում է կատարել ևս մեկ փորձաքննություն և քանի դեռ դա չի իրականացվել, նա թույլ չի տալիս թաղել իր որդուն:
Զոհվածի հարազատները չեն հավատում նրա ինքնասպանության մասին մինչ այժմ տարածված վարկածին և գտնում են, որ զինվորին սպանել են:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ շուտով գյուղ կժամանեն Ադրբեջանի ՊՆ-ի փորձագետներ: