Այսօր հայ անվանի ռեժիսոր, թատերական գործիչ Վարդան Աճեմյանին ծննդյան օրն է
Վարդան Աճեմյան (Սեպտեմբերի 15, 1905, Վան - Հունվարի 24 1977, Երևան), հայ անվանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965), Սոցիալիստական Աշխատանքի Հերոս (1975), Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1951)։
Ծնվել է Վանում։ Ավարտելով Երևանի գեղարվեստական ուսումնարանը, 1924-ին նա ընդունվում է Մոսկվայի դրամատիկական ստուդիան՝ դասեր առնելով Ստանիսլավսկու, Նեմիրովիչ-Դանչենկոյի, Վախտանգովի բեմադրություններից։ Գալով Թիֆլիս՝ դառնում է Թիֆլիսի հայ դրամատիկական ստուդիայի ղեկավարը, որտեղ բեմադրում է Դերենիկ Դեմիրճյանի «Հաղթական սիրո երգը» պիեսը։ Հայրենիք վերադառնալով արդեն որպես պրոֆեսիոնալ բեմադրիչ, նա 1928 թվականին դառնում է Լենինականի պետական թատրոնի հիմնադիրներից մեկը և հենց այստեղ էլ բեմադրում իր առաջին ներկայացումները՝ վկայելով, որ ասպարեզ է եկել արդիականության հարցերի հանդեպ զգայուն, լայն մտածողության և վառ ձիրքի տեր մի արվեստագետ։ 1930-ականների վերջին նա տեղափոխվեց Երևանի Առաջին պետթատրոն։ Աճեմյանն իր բեմադրած պիեսներից շատերի համահեղինակն է եղել, ինչպես նաև իր բեմադրությունների նկարչական ձևավորման համահեղինակը: