Ուղղակի փալասանում ենք ռուսների ոտքի առջև
Վերջապես որևէ մեկը պե՞տք է բարձրաձայնի այս անհեթեթությունը, թե՞ ոչ: Հայաստանի ամենամեծ ու ճանաչված կինոթատրոն՝ «Մոսկվա» կինոթատրոն այցելու և ֆիլմ դիտելու համար մարդ առնվազն պետք է ռուսերեն կարդալ իմանա: Ենթադրենք՝ մարդ ռուսական կրթություն չի ստացել, ուրեմն նա չի կարող կարդալ, թե որ դահլիճում է ցուցադրվելու ֆիլմը, որն է իր շարքը ու նստարանը: Մի՞թե պետք է հանդուրժենք սա: Ռուս զբոսաշրջիկների համար ստեղծվում են բոլոր անհրաժեշտ հարմարությունները, տոմսերի վրա իրենց մայրենի հասկանալի լեզվով գրում են ռեկվիզիտները, իսկ հա՛յ կինոսերի համար ո՞վ պետք է մտածի: Ուղղակի փալասանում ենք ռուսների ոտքի առջև: Սա ես զուտ բարոյական տեսանկյունից նշեցի, իսկ իրավական կողմից սա սեփական օրենքների հանդեպ խայտառակ մերժողականություն է: ՀՀ Լեզվի մասին օրենքի հոդված 1-ը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Իսկ սույն օրենքի հոդված 4-ի գ) կետում հստակորեն նշվում է, որ ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն' անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով: Այսինքն՝ ընդունելի կլիներ, որ հայերենով կազմված ռեկվիզիտները տառադարձվեին ռուսերեն: Իսկ ավելի հստակ՝ գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել երկու և ավելի օտար լեզուներով, որոնց ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի հայերեն շարադրանքի ծավալը (մակերեսը) և չներառի տեղեկատվություն, որը ներառված չէ հայերեն շարադրանքում։ Ի՞նչ պատճառաբանություն սա կարող է արդարացնել, ես չեմ հասկանում: Նվազագույն դեպքում պետք է պատճառաբանեն, թե ռուս զբոսաշրջիկների համար նպաստավոր պայմաններ են ստեղծում, խթանում են զբոսաշրջիկությունը և նմանատիպ այլ աբսուրդային բացառություններ: Սակայն տեսեք՝ ինչ է ստացվում. փաստորեն ստացվում է այն, որ լեզվի կամ գովազդի մասին օրենքի իրականացման մեջ բացառություններն ավելի գործող են, քան օրենքի բուն մասը: Առաջարկում եմ բոյկոտ սկսել «Մոսկվա» կինոթատրոնի նման անհեթեթ գործունեության դեմ և պահանջել, որպեսզի տոմսերի մեջ նույն ռեկվիզիտները տառադարձվեն նաև հայատառ:
Գուրգեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: