Նար-Դոս. հայ արձակի մի նոր աստիճան
Նար-Դոսը` Միքայել Հովհաննիսյանը, ծնվել է 1867 թ. մարտի մեկին Թիֆլիսում: Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնական մարդն է' իր մարդկային ու բարոյական հատկություններով: Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։ Նրա լեզուն ժամանակի հայերենի բարձրակետն է, ստեղծագործությունը, ամբողջությամբ վերցրած, հայ արձակի մի նոր աստիճանը։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 80-ական թթ։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-88-ին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886-ից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1886), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Գրողի ստեղծագործական գլուխգործոցներից է «Մեր թաղը» շարքը: Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը: Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։ 1891-ից սկսվում է Նար-Դոսի ստեղծագործության մի նոր շրջան, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությունը։ «Սպանված աղավնի» (1898) վիպակում Նար-Դոսը պատկերել է հայ կնոջ ողբերգությունը։ Սառան (գլխավոր հերոսուհին), սակայն, կործանվում է ոչ թե համակերպվելով, ինչպես հեղինակի մյուս հերոսուհիները, այլ իր մարդկային արժանապատվության բարձր գիտակցությամբ բողոքելով բոլոր նրանց անունից, ովքեր դատապարտված են այդ հասարակության մեջ։ Գրողը մահացել է 1933 թվականին Թիֆլիսում: