Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը բարի երթ մաղթեց «Այվազյանական փառատոն»-ին
Operativ.am-ը մեջբերում է Արմեն Մազմանյանի բարեմաղթանքը՝ «Այվազյանական փառատոն»-ին. «Կարծում եմ, որ 20-րդ դարի երկրորդ կեսի մնայուն գրողները շատ են, գրախտով տառապում են բոլորը, բայց եթե խոսում ենք որպես արժեքային համակարգ, Աղասի Այվազյանը այնպիսինների կողքին է, ինչպիսին են Հրանտ Մաթևոսյանը, Մուշեղը Գալշոյանը և շատ քչերը, որ կմնան: Իսկ Այվազյանը առանձնանում է նաև մի որակով ևս, որ շատ պահանջված էր ու պահանջված է լինելու միշտ. դա թատրոնն ու կինոն են, որտեղ նա անկասկած թողեց իր անհատական ձեռագիրը' «այվազյանական հետքեր»: Եվ տրամաբանական է, որ «այվազյանական հետքը» պետք է ունենա փառատոն, որովհետև այսօր կան շատ չբեմադրված այվազյանական պիեսներ, որոնք շատ այժմեական են,կան գործեր, որոնք բեմադրված են, բայց միևնույն է, այժմեական են: «Գոյ» թատրոնը մասնակցելու է, ու ամեն ինչ կանենք, հասցնենք, կաշխատենք պրեմիերա խաղալ: Բարի երթ «Այվազյանական փառատոն»-ին»: