1915 թվականի այս օրն է ծնվել Ինգրիդ Բերգմանը (լուսանկարներ)
1915 թվականի օգոստոսի 29-ին Շվեդիայում ծնվել է «Օսկարի» եռակի մրցանակակիր Ինգրիդ Բերգմանը:
Ինգրիդ Բերգմանը ծնվել է 1915 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Նա մանուկ հասակից մեծացել է առանց ծնողների։ 3 տարեկանում մահացել է մայրը, իսկ 13 տարեկանում հայրը՝ Յուստուս Սեմուել Բերգմանը, ով մասնագիտությամբ դերասան և լուսանկարիչ էր։ Նրան խնամքի տակ է վերցնում իր հորեղբայր՝ Օտտո Բերգմանը, ով ուներ 5 երեխա։
Արդեն 17 տարեկանում նրան աշխատանքի են վերցնում Ստոկհոլմի թագավորական դրամատիկական թատրոնում։ Բերգմանը թատրոնում երկար չի մանում և տեղափոխվում է կինեմատոգրաֆ։ Կինոյում նա խաղում է նկարահանվելով էպիզոդիկ դերերում։ Առաջին քիչ թե շատ մեծ դերը կինոյում 1934 թ. «Կոմսը Մունկբրուից» ֆիլմն էր։ Շվեդական մոտ մեկ տասնյակ ֆիլմերում խաղալուց հետո պրոդյուսեր Դևիդ Սելեզնիկը նրան հրավիրում է Հոլիվուդ խաղալու «Ինտերմեցցո» ֆիլմում։ ԱՄՆ-ում նա անցնում է դերասանական վարպետության դասեր Միխայիլ Չեխովի դպրոցում։
1942 թվականին Բերգմանը նկարահանվում է իր թերևս ամենանշանավոր ֆիլմում «Կասաբլանկաում», ուր իր խաղընկերն էր Համֆրի Բոգարտը։ Ֆիլմը շատ մեծ հաջողություն է ունենում, իսկ Բերգմանը դառնում է հոլիվուդյան առաջին մեծության աստղ։ Նրա հաջորդ աշխատանքները կինոյում նույնպես շատ հաջողակ էին՝ «Դոկտոր Ջեքիլը և Միստր Հայդը», «Ու՞մ մահն է գուժում զանգը», «Գազային լույս» և այլն։
1949 թվականին նա հեռանում է Հոլիվուդից, բաժանվում առաջին ամուսնուց՝ Փեթեր Արոն Լինդստրեմից և ամուսնանում իտալացի նշանավոր ռեժիսոր Ռոբերտո Ռոսսելլինիի հետ։ Այդ տարիներին նա նկարահանվում է Ռոսսելլինիի ֆիլմերում, միաժամանակ նաև խաղալով թատրոնում։ Ռոսսելլինիից նա ունենում է 3 երեխա, նրա երեխաներից Իզաբելլա Ռոսսինին նույնպես դառնում է դերասանուհի։ 1957 թվականին նա բաժանվում է ամուսնուց։ 1973 թվականին նա դառնում է Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահ։
1973 թվականին նրա մոտ հայտնաբերում են կրծքի քաղցկեղ, 1982 թվականի օգոստոսի 29-ին, իր ծննդյան օրը նա մահանում է այդ հիվանդությունից։