Այսօր Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է (տեսանյութ)
ՄշակույթՄայքլ Ջոզեֆ Ջեքսոն (անգլերեն՝ Michael Joseph Jackson) (օգոստոսի 29, 1958 – հունիսի 25, 2009), ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար։ Նրան համարում են փոփ երաժշտության արքա, արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller վերջին տեղեկություններով 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream (հայ. ճիչ), Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլլար)։
Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։Երաժշտության, պարի և նորաձևության մեջ ունեցած իր ներդրումը Մայքլին մոտ չորս տասնամյակ դարձրեց փոփ երաժշտության կենտրոնական դեմքը։ Ջեքսոնն այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ Ջեքսոնը 15 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի (այդ թվում Կենդանի Լեգենդ), ունեցել է 13 #1 հիթ և վաճառել է ավելի քան 780 միլիոն սկավառակ , արժանացել է 26 American Music Awards-ի (այդ թվում Դարի Արտիստ)։ Մայքլ Ջեքսոնը նաև մեծ մարդասեր էր և ուներ 39 բարեգործական ընկերություն։ 2009 թ. հունիսի 23-ին «Ի բարօրություն մարդկության» մրցանակի հանձնման բարձրագույն խորհրդի որոշմամբ Մայքլ Ջեքսոնը պարգևատրվեց «Համաշխարհային մշակույթում ունեցած կարկառուն ավանդի համար» մրցանակով։
Մայքլը երգել սկսել է մանուկ հասակից՝ ժամանակի ընթացքում նրա վոկալային ոճը և ձայնը շատ են փոխվել։ 1971-ից Մայքլի ձայնը երիտասարդ սոպրանոյից վերափոխվում է տենորի։ Լինելով թվով 7-րդ երեխան Ջեքսոնների ընտանիքում, նա սկսում է բեմում հանդես գալ 1964-ից՝ The Jackson 5 խմբի կազմում։ 1971-ին նասկսում է իր սոլո կարիերան ու մի քանի տարվա մեջ հասնում այնպիսի հաջողությունների, որ նրան է վերագրվում «Փոփ-Արքա» կոչումը։ 1982-ին թողարկված նրա Thriller ալբոմը մինչև այսօր մնում է աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմը։ Ջեքսոնի սոլո ստուդիական 5 ալբոմները մտնում են աշխարհի ամենալավ վաճառվող ալբոմների ցանկի մեջ (Off the Wall (1979), Thriller (1982), Bad (1987), Dangerous, (1991), HIStory (1995))։ Մայքլը մասսայականացրեց այնպիսի պարային ոճեր, ինչպիսիք են «ռոբոտ»-ը և «լուսնային քայլվածք»-ը։ Նրան հաճախ անվանում են «տեսահոլովակը գովազդային արտադրանքից արվեստի վերածող»՝ նկատի ունենալով «Thriller», «Beat It», «Billie Jean», «Black or White», «Scream» տեսահոլովակները։ «Thriller», «Beat It», «Billie Jean» տեսահոլովակների շնորհիվ նա դարձավ աֆրոամերիկյան առաջին երգիչը, ում ցուցադրեցին MTV ալիքով։
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում։ Ըստ հետաքննության, նրա մահն սպանության հետևանք էր։Հրաժեշտի արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհում դիտել են միլիոնավոր մարդիկ։ 2009 թ. հոկտեմբերի 26-ին հրապարակվում է փոփ արքայի վերջին ձայնագրությունը՝ «This is it» («Ահա և Վերջ»)։ Երգի մաստեր ձայնագրությունը ուժեղ հսկողության տակ հասցվել է Sony ընկերության բրիտանական բաժանմունք և մի քանի ռադիոկայաններ։ Համանուն ալբոմը վաճառքում է հայտնվել հոկտեմբերի 26-ին։ ԱՄՆ-ում երգը հայտնվել էր Մայքլ Ջեքոնի պաշտոնական կայքում նոյեմբերի 27-ին՝ ժամը 24։00 ին (Երևանում առավոտյան ժամը 9։00 էր)։ 2009 թ. նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած American Music Awards մրցանակաբաշխությանը Մայքլ Ջեքսոնը ետմահու արժանացել է 4 մրցանակի հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն փոփ/ռոք կատարող», «Լավագույն երգիչ սոուլ և առ-ն-բի ոճերում», Number Ones ալբոմը արժանացել է «Տարվա ալբոմ» անվանակարգին փոփ/ռոք, սոուլ/առ-ն-բի ոճերում։
2010թ. հունվարի 31-ին Մայքլ Ջեքսոնը ետմահու արժանացել է Գրեմի մրցանակի՝ երաժշտության մեջ ունեցած իր ավանդի համար, սա Ջեքսոնի 14-րդ Գրեմին է, մրցանակը ստացել են նրա երեխաները։ 2010-ի մարտի 16-ին Sony Music Entertainment-ը ստորագրեց ռեկորդային պայմանագիր, որը արժեցավ 250 միլիոն դոլար, ըստ այդ պայմանագրի Սոնին իրավունք է ստանում Մայքլի անշարժ գույքի նկատմամբ, ինչպես նաև մինչ 2017 թվականը նրան են անցնում Մայքլի ձայնագրությունների հեղինակային իրավունքները, և վերջապես Սոնին իրավունք է ստանում թողարկել Մայքլի ետմահու 7 ստուդիական ալբոմ։