«Գույնը` ահա իսկական արվեստի հրաշքը». Մարտիրոս Սարյան
Այսօր 20-րդ դարի տաղանդավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է: Նա հայ արվեստի խոշորագույն գործիչներից էր, ում կտավներն իրենց գույներով և իմաստով անկրկնելի են: Սարյանի մեթոդը հասկանալու համար պետք է հայի հոգու բանալին ունենալ և զգալ գույների նուրբ աշխարհը: Ինչպես ասում էր նկարիչը. «Գույնը` ահա իսկական արվեստի հրաշքը»: Սարյանը իր աշխատանքներում համատեղում էր Արևելքի ավանդույթները' եվրոպական նորաոճ գեղարվեստական արժեքներով: Նա 1920-1930-ական թվականներին աշխատում էր բոլոր առաջատար ժանրերում' բնապատկերներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Այս ոլորտներում նա մինչ այժմ իրեն հավասարը չունի: Նկարիչը Դոնի Ռոստովում բացում է առաջին հայկական գեղարվեստի թանգարանը: 1926-1928թ.թ. նա ապրում և ստեղծագործում էր Փարիզում: Այդ աշխատանքների մեծ մասը ցուցադրվել էին փարիզյան Ժերար ցուցահանդեսում և այրվել էին նավի հետ միասին' հայրենիք հետդարձի ճանապարհին: 1930-ական թվականներին նկարների գլխավոր թեման Հայաստանի բնաշխարհն էր, ինչպես նաև հանճարեղ նկարիչն անմահացնում էր ժամանակակից հանճարների' Իսահակյանի, Սիմոնովի, Թումանյանի,Աղայանի և իր դիմանկարները: Սարյանը նաև աշխատել է, և որպես գրքերի նկարիչ-ձևավորող' հայկական հեքիաթների հատորներն է նկարազարդել,և որպես թատերական նկարիչ-դիզայներ' դեկորացիաներ և հանդերձներ է ձևավորել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար: «Ալմաստ», «Դավիթ Բեկ», «Ֆիլումենա Մարտուանո». այս օպերաների դեկորացիաների և հանդերձների հեղինակը հանճարեղ Սարյանն էր:
Տաղանդավոր նկարիչը մահացել է 1972 թվականի մայիսի 5-ին: