Այսօր Կոկո Շանելի ծննդյան օրն է
Գաբրիել Բոնյոր Շանել (ֆրանսերեն՝ Gabrielle Bonheur Chanel), մականունը Կոկո Շանել (օգոստոսի 19 1883 թ. - հունվարի 10 1971 թ.), ֆրանսիացի առաջատար մոդելյեր էր։ Նրա ազդեցությունը բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր, որ «Time» ամսագիրը, նորաձևության աշխարհից միայն նրան մտցրեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակ։
Կոկո Շանելը ծնվել է 1883 թվականին Սոմյորում։ 18 տարեկանից աշխատում է պատրաստի հագուստի խանութում, որպես վաճառողուհի, ազատ ժամանակ երգում է կաբարեում։ Քանի որ նրա սիրածն էին «Ko Ko Ri Ko» և «Qui qua vu Coco» երգերը, ապա նրա մականունը մնաց «Կոկո»։ Շանելը կապվում է սկզբում Էտյեն Բալզանի, ապա անգլիացի արդյունաբերող Արթուր Կապելի հետ։ Այս կապերի շնորհիվ 1910 թվականին բացում է գլխարկների խանութ, որը որոշ ժամանակ անց տեղափոխում է «Կամբոն» (Cambon) փողոց, որտեղ է մինչ այսօր։
Նորաձևության տունը և օծանելիքը
1912 թվականին Դովիլում Կոկո Շանելը բացում է իր առաջին նորաձևության տունը, բայց առաջին համաշխարհային պատերազմը ընդհատում է Շանելի գործունեությունը։ Պատերազմի ավարտից հետո՝ 1919 թվականին նա բացում է նորաձևության տուն Փարիզի «Կամբոն» փողոցում։ Այդ ժամանակ Շանելը աշխարհով մեկ պատվիրատուներ ուներ։
1921 թվականին հայտնվում է հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը (մտահղացումը՝ Կոկո Շանել, հեղինակ՝ Վերիգին)։ Մինչ այդ, օծանելիքը պարզ՝ մեկ ծաղկի հոտ ուներ (մոնոարոմատ)։ Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։
Նա ժողովրդականացրեց փոքր սև զգեստը, որը կարելի էր հագնել թե օրվա ընթացքում, թե երեկոյան։ 1926 թվականին ամերիկյան «Vogue» ամսագիրը «փոքր սև զգեստը» իր ունիվերսալությամբ և ժողովրդականությամբ հավասարացրեց «Ford» ավտոմեքենային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին (1939), չնայած հսկայական հաջողությանը, Շանելը ստիպված փակեց խանութները և նորաձևության տունը։ Պատերազմի ժամանակ նա Փարիզում էր, ավարտից հետո մեկնեց Շվեյցարիա։
Վերադարձ նորաձևության աշխարհ
1954 թվականին 71-ամյա Շանելը վերադառնում է նորաձևության աշխարհ և ներկայացնում իր նոր՝ «օտ-կուտյուր» (ֆրանսերեն՝ Haute couture) հավաքածուն, սակայն փառքի և գնահատանքի է հասնում միայն երեք սեզոն անց։ Շանելը ներկայացնում է նաև կանացի պայուսակներ, ոսկերչական իրեր և կոշիկ։ 1950-1960-ական թվականներին նա հագցնում է բազմաթիվ հոլիվուդյան աստղերի, որոնց թվում էին Օդրի Հեփբերնը և Էլիզաբեթ Թեյլորը։ 1969 թվականին հանրահայտ դերասանուհի Քեթրին Հեփբորնը Բրոդվեյի «Կոկո» մյուզիքլում կատարեց Կոկո Շանելի դերը։ Մահացել է Շանելը 1971 թվականին Լոզանում (Շվեյցարիա) 88 տարեկան հասակում։