Անանիա Շիրակացու 1400-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևորագույն տարեդարձների ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Անանիա Շիրակացու 1400-ամյակը ներառել է 2012թ-ի կարևորագույն տարեդարձների ցանկում, (Մեսրոպ Մաշտոցի 1650 ամյակն և Սայաթ-Նովայի 300 ամյակը նույնպես այս ցանկում են): Այս մասին իրազեկվեցի Բյուրականի աստղադիտարանում կայացած պատմա-աստղագիտական գիտաժողովին, որին ի զարման և հուրախություն ինձ բազում գիտնականների, ակադեմիկոսների, դոկտոր պրոֆեսորների կողքին մասնակցում էին նաև երիտասարդ ուսանողներ, որոնք դեռ հետաքրքրված էին գիտական աշխատություններով, ովքեր համակարգչից զատ ինֆորմացիայի աղբյուր օգտագործում են նաև գիրքը, ովքեր ակադեմիկոսների հետ նույն հարթակի վրա կարող են արծածել այնպիսի լրջության հարցեր, ինչպիսին, օրինակ, Անանիա Շիրակացու ծննդյան և մահվան տարեթվերի տարակարծության, նրա և եկեղեցականների փոխհարաբերությունների, Աստված-բնություն փոխհարաբերություններում Շիրակացու նախապատվության, բնության մեջ 5-րդ տարրի առկայության, ինչպես նաև հակոտնյա աշխարհի եղելության, լինել-չլինելու հարցերը:
Գիտաժողովը շատ կազմակերպված էր և հյուրընկալ, որի մասին, ցավոք, մարդիկ այդքան էլ իրազեկված չէին. Չգիտեմ դա մամուլի բացթողումն էր, թե կազմակերպիչների, բայց խորապես ցավ ապրեցի, որ լինելով լրագրողական դաշտի միակ ներկայացուցիչը' նկատեցի, որ մեր մամուլը այդքան էլ շահագրգիռ չէ նմանատիպ միջոցառումների լուսաբանմամբ: Գիտաժողովին ցանկալի կլիներ, լինեին նաև օտարերկյա հյուրեր, ինչի բացը նույնպես նկատվում էր:
Գիտաժողովի պաշտոնական բացումը պատիվ ունեցան ստանձնելու Էլմա Պարսամյանը, Արեգ Միքայելյանը, Հայկ Հարութունյանը, Աշոտ Մելքոնյանը:
Գիտաժողովի ժամանակ իր ելույթով ներկայացավ Լիլիթ Նազարյանը, ով մանրամասն ներկայացրեց Անանիա Շիրակացու ինքնակենսագրությունը և դրա հետ կապված արժեքավոր տվյալներ: Այնուհետև մեծ հաճույքով ունկնդրեցինք Սեն Արևշատյանի, Կարեն Թոխաթյանի, Ջուլիետա Էյնաթյանի, Նորա Երզնկյանի, Էդուարդ Դանիելյանի և մյուսների ելույթները…
Հատկապես տպավորիչը էր Կարեն Թոխաթյանի ներկայացրած աշխատությունը հայ ժայռապատկերների ակունքների մասին և Հայկ Հարութունյանի Վահագնի դյուցազներգության և հին հայկական պատկերացումնեը աշխարհի կառուցվածքի մասին-տեսությունները: Գիտաժողովը անցկացվեց երկու օր:
Քրիստինե Մարտիրոսյան