Եթե ցանկություն ունես մեկ կտավում տեսնել անցյալ, ներկա ու ապագա, ապա նայի'ր հայ հանճարի՝ Վարդգես Սուրենյանցի կտավները
Հայ կերպարվեստի պատմության մեջ Վարդգես Սուրանյանցը համարվում է ազգային պատմանկարչության հիմնադիրը։ 1860թ. փետրվարի 27-ին Վրաստանի Ախալցիխե քաղաքում, հոգևորականի ընտանիքում ծնվեց հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցը: Նրա կրթությունը սկսեց Լազարյան ճեմարանից, այնուհետև Մոսկվայի ճարտարապետական ուսումնարան, հետո էլ Մյունխենի կայսերական ակադեմիա: Կրթության հսկայական պաշար ունեցող երիտասարդ Սուրենյանցը տիրապետել է տասը լեզուների, ինչն էլ նրան հնարավորություն է տվել ուսումնասիրել տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը: Վարդգես Սուրենյանցը ստեղծագործել է արտերկրում և իզուր չի ասել. «Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել և հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ Շահին, որ գտվում է Փարիզում, Մախոխյան' Բեռլինում և շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք, միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց և չենք կազմում մի անփոփ ընկերություն. այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ Հովհաննես աղա Այվազովսկուց ևս լսել եմ»։
Հայ ժողովրդի ողբերգությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նկարչի «Ոտնահարված սրբություն» կտավում, որը ցասկոտ բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակույթի բարբարոսական ոչնչացման։ Նա ոչ միայն խոշոր գեղանկարիչ, այլև գրքի տաղանդավոր վարպետ, հայտնի թատերական նկարիչ, արվեստի հմուտ տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ և հասարակական գործիչ է։ Յալթայի հայոց եկեղեցու որմնանկարների հեղինակը նույնպես Սուրենյանցն է։
Նրա կտավները յուրօրինակ են ոչ միայն ոճով, այլ նաև անուններով, որոնք ևս վկայում է նկարչի տեղեկացված լինելն ու աշխարհայացքի անսահմանությունը: «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ», «Հռիփսիմե», իսկ Պարսկաստան մեկնող գիտարշավի տպավորության տակ Սուրենյանցը նկարել է արևելյան թեմաներով կտավներ՝ «Հարեմում», «Ֆիրդուսին կարդում է իր «Շահնամե» պոեմը»:
Ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցը մահացել է 1921թ. ապրիլի 6-ին՝ Յալթայում: