Մարդ, ով պատմության մեջ շատ բան փոխեց. այսօր Նապոլեոն Բոնապարտի ծննդյան օրն է
Նապոլեոն I Բոնապարտ (իտալ.՝ Napoleone Buonaparte, ֆր.՝ Napoléon Bonaparte, 1769թ. օգոստոսի 15, Այաչո, Կորսիկա - 1821 թ մայիսի 5, Լոնգվուդ, Սուրբ Հեղինեի կղզի), Ֆրանսիական Հանրապետության առաջին կոնսուլ (1799 - 1804թթ.), ֆրանսիացիների կայսր 1804 - 1815թթ, ֆրանսիական զորավար և պետական գործիչ։
Նապոլեոնը ծնվել է Կորսիկա կղզու Այաչո բնակավայրում։ Կորսիկան երկար ժամանակ գտնվում էր Ջենովայի հանրապետության տիրապետության տակ։ 1755 թ. Կորսիկան տապալեց Ջենովայի իշխանությունը և փորձեց ստեղծել ինքնուրույն պետություն տեղի հողատիրոջ՝ Պասկուալե Պաուլիի ղեկավարությամբ, որի քարտուղարն էր Նապոլեոնի հայրը։ 1768 թ.–ին Ջենովայի հանրապետությունը Կորսիկայի նկատմամբ իր իրավունքները վաճառեց Ֆրանսիայի այն ժամանակվա թագավոր Լյուդովիկոս XV-ին։ 1769 թվականի մայիսին Պոնտենուովոյի ճակատամարտում ֆրանսիական զորքը ջախջախեց Կորսիկայի ապստամբներին և Պաուլին արտագաղթեց Անգլիա։ Նապոլեոնը ծնվեց այդ իրադարձություններից 3 ամիս անց (մինչև 1790-ական թվականները Պաուլին մնում էր Նապոլեոնի կուռքը)։
Նապոլեոնը Կարլո Բոնապարտի և Լետիցիա Ռամոլինոյի 13 երեխաներից (դրանցից 5-ը մահացել էին մանուկ հասակում) երկրորդն էր։ Ընտանիքն ուներ ազնվական ծագում, կղզում ապրում էր 16-րդ դարի սկզբներից։ Բոնապարտի հայրը, չնայած նրան, որ հանդիսանում էր Կորսիկայի սահմանադրությունը կազմողներից մեկը, ընդունեց Ֆրանսիայի գերիշխանությունը, որպեսզի հնարավորություն տա իր երեխաներին կրթություն ստանալ Ֆրանսիայում։ Դա օգնեց նրան հասնելու Ֆրանսիայի բարեհաճությանը։ 1791 թվականին Կարլը ստացավ ասեսորի պաշտոն և դարձավ Փարիզում Կորսիկայի պառլամենտից ազնվականների ներկայացուցիչը։