Այսօր արևմտահայ բանաստեղծ Սիամանթոյի ծննդյան օրն է
Սիամանթո (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան) (1878, Ակն - 1915), արևմտահայ բանաստեղծ։
Սիամանթոն ծնվել է 1878 թ. օգոստոսի 15-ին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում, վաճառականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստանում է ծննդավայրի Ներսիսյան վարժարանում։ 1891 թ. հոր հետ տեղափոխվել է Կ․ Պոլիս, կրթություն ստացել նախ Գում-Գափուի Միրիճանյան դպրոցում, այնուհետև՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանում։ 1894-96 թթ. հայկական ջարդերի հետևանքով պատանի Ատոմը նետվել է օտար հորիզոններ։ Որոշ ժամանակ մնալով Կահիրեում՝ 1897 թ. մեկնել է Ժնև, ապա՝ Փարիզ, որտեղ եղել է Սորբոնի համալսարանի գրականության բաժնի ազատ ունկնդիր։ Եվրոպայում Սիամանթոն սերտ կապեր է հաստատել «Եվրոպայի հայ ուսանողների միության» և հայ ազգային կուսակցությունների հետ։ Այս մթնոլորտում էլ կազմավորվել են նրա աշխարհայացքային և գրական-գեղարվեստական հակումները։
Սիամանթոյի աոաջին բանաստեղծությունը՝ «Աքսորված խաղաղություն»-ը (ավելի ուշ՝ «Մահվան տեսիլք»), որ հայտնի է եղել նաև «Կոտորած» վերնագրով, լույս է տեսել 1898 թ. «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում։ Հաջորդ գործերը տպագրվել են «Անահիտ» (Փարիզ), «Բանբեր» (Պետերբուրգ), «Հայրենիք» (Բոստոն), և այլ պարբերականներում։ Դրանք հայկական ջարդերից տպավորված բանաստեղծական արձագանքներ էին, որ արդեն նախանշում էին Սիամանթոյիի ստեղծագործության ուղղությունը։
1902 թ. տպագրվեց նրա «Դյուցազնորեն» ժողովածուն, որը միանգամից հաստատեց գաղափարի բանաստեղծի հայտնությունը։ Ժողովածուի քերթվածները հայ երիտասարդությանն ուղղված պատգամներ են, որոնց առաքելական խորհուրդն ուղենշում է «Ռիգվեդա»-ից առնված բնաբանը՝ «Այնքան արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած․․․»։ Դա պայքարի ու սթափումի նշանաբանն էր, որ բանաստեղծը ավանդում էր ժամանակակիցներին։
«Հայորդիներ» (1905, 1906, 1908) բանաստեղծական երեք շարքերում Սիամանթոյի գեղարվեստական մտածողությունը միստիկական խորհրդապաշտությունից անցել է իրական աշխարհի պատկերներին։ Նրա հերոսը՝ նորօրյա Հայորդին, անձնավորում է Գաղափարի ու Կամքի մի հզոր ես, որի անունը Պայքար է, իսկ վախճանը՝ Հաղթանակ։ «Որբերու ճակատագրեն», «Սովամահ», «Բանտերուն խորերեն», «Կախաղաններու կատարեն» քերթվածներում, նկարագրելով թուրք բարբարոսների խոշտտանգումներին ենթարկված հայ ժողովրդի ողբերգական սարսափները, Սիամանթոն պատմության դասերի մեջ խտացրել է դարերի վրեժը և ազատագրական պայքարի կոչել Հայորդուն՝ նրա հերոսական մաքառումները հուսավառելով կյանքի և գոյության, պատվի և արդարության, լույսի և գեղեցկության իդեալի հավատով։
Պայքարի ու գաղափարի պոեզիան ծրագրային նույնպիսի ավարտվածությամբ այլևս չկրկնվեց Սիամանթոյիի հետագա բանաստեղծական շարքերում։ Հույսի ջահերը չէին մարել, սակայն տարիների ապարդյուն սպասումների հետ ռոմանտիկական ոգևորությունը տեղի էր տվել հոգեվարքի գալարումներին, բանաստեղծն անձնատուր էր եղել տառապանքի խոհական վերապրումներին։ Այդ տրամադրությունների արտահայտությունն է «Հոգեվարքի և հույսի ջահեր> (1907) քնարական մատյանը։ Այստեղ արդեն բանաստեղծն ինքն իր հետ է և հոգեկան լարումներից, վրեժի ու ատելության, պայքարի ու նահատակության կրքոտ կոչերից հոգնած՝ գաղափարական ու գեղագիտական իր հավատամքի խորհուրդն է ստուգում իրադարձությունների ողբերգական ընթացքի հանդեպ։ Ցավագին ու հակասական մտորումները միմյանց են հաջորդում, վերհուշները թրծվում են հայրենի եզերքի կարոտով («Արցունքներս», «Հայրենի աղբյուր», «Ափ մը մոխիր, հայրենի տուն․․․»), հույսերը խամրում են կորսված երազների մշուշում, բանականությունը մթագնում է չարագուշակ տեսիլների հալածանքով («Չարչարանքի երազ», «Հոգեվարքի իրիկուն», «Մահվան տեսիլք», Անդրշիրիմյան աղաղակ»), և բանաստեղծը ձեռք է մեկնում իր հոգու մտերիմներին՝ վերստին գտնելու պայքարի ու գաղափարի երգը («Ձեռքերդ ինձ երկարե», «Ես երգելով կուզեմ մեռնիլ», «Ասպետի երգը», «Հույսին համար»)։
Երիտթուրքական հեղափոխությունից և հուլիսյան սահմանադրությունից հետո երկրի քաղաքական մթնոլորտն ստուգելու միտումով 1908 թ. Սիամանթոն վերադարձել է Կ․ Պոլիս։ Ազգային մտավորականության պատրանքները հավատ չեն ներշնչել բանաստեղծին։ Նա գուշակել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը թուրք նացիոնալիստական բուրժուազիայի պետական քաղաքականության պայմաններում։
Կ․ Պոլսում Սիամանթոն ստեղծել է իր «Կարմիր լուրեր բարեկամես» (1909) շարքը, որը Դանիել Վարուժանն անվանել է «տաղանդավոր ոճրերգություն»[1]։ Այստեղ պատկերված է հայոց դանթեականը, արյան նախճիրների դժոխային տեսարանների մեջ բացահայտված է սադիզմի և վանդալիզմի բիոլոգիական բնազդը։
Հայ գաղթականների կյանքն ու առօրյան ուսումնասիրելու առաքելությամբ Սիամանթոն 1909 թ. մեկնել է Ամերիկա։ Իրողությունը նրան հուշում էր ազգին սպառնացող աղետը։ Զանգվածային արտագաղթից ամայանում էր Հայաստանը, օտարվում էին հայրենի հուշիկները, հայրենիքը բնապատմական ռեալությունից վերածվում էր աշխարհագրական հասկացության։ Պետք էր կանխել չարիքը, փրկել ազգը տրոհումից, կապել նրան հայրենի հողին ու բնությանը և կյանքն իմաստավորել աշխատանքի ու ստեղծումի գաղափարով։ Ազգահավաքման, հայրենականչի այս գաղափարի վրա Սիամանթոն կառուցել է «Հայրենի հրավեր» (1909) բանաստեղծական նամակաշարը։ Տարագիր հայությանն ուղղված տասներկու կոչերում նա արտացոլել է որբացած հայրենիքի մորմոքներն ու տվայտանքները։
1911 թ. Սիամանթոն կրկին վերադարձել է Կ․ Պոլիս։ Նոր որոնումներով խանդավառված բանաստեղծը ձգտել է մոտիկից ճանաչել հայրենի երկիրը, լինել Արևելյան Հայաստանում։ 1913 թ. Սիամանթոն եղել է Թիֆլիսում, Բաքվում, Էջմիածնում, այցելել պատմական հիշարժան վայրերը, հանդիպումներ ունեցել գրական ու հասարակական անվանի գործիչների հետ։ Նրա պոեզիայում արդեն տեղի էին տվել «չարչարանքի տեսիլները»՝ ազգի գոյության ու հարատևության հեռանկարն ուրվագծելով «հոգևոր Հայաստանի» մեջ։
Սիամանթոն արձագանքել է «հեթանոսական շարժմանը» («Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), գրել առանձին բանաստեղծություններ «Կամքի իրիկուններ» ծրագրված շարքից, որոնց մեջ փառաբանել է հայոց անցյալի հոգևոր մեծությունը, իմաստավորել կամքի, ստեղծման ու մաքառման խորհուրդը («Խոսքեր անծանոթ անցորդին», 1911, «Թող զորությունը ձեզ խոսի», 1911)։
Հայ գրերի գյուտի համազգային տոնի օրերին բանաստեղծը գրել է «Սուրբ Մեսրոպ» (1912) պոեմը, որը հերոսական հիմն է հայոց այբուբենն ստեղծողին։
Սիամանթոն հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է։ Նա ձև է տվել հայ ազատաչափ (վեռլիբր) բանաստեղծությանը և մի քանի էական գծերով հարստացրել ազգային բանաստեղծության պոետիկայի համակարգը։ Հայ բանաստեղծական խոսքը համալրել է նոր բառերով, ստեղծել բառակապակցություններ ու բառաբարդություններ, որոնք ընդլայնում են բանաստեղծական խոսքի արտահայտչական հնարավորությունները։ Լինելով հայ նեոռոմանտիզմի ականավոր դեմքերից՝ նա իր արվեստի մեջ ներհյուսել է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի գեղագիտական սկզբունքները։ Ուժեղ ներշնչանքով, ներքին լարվածությամբ, երևակայության տեսիլային վերացությամբ ու մակդիրների կուտակումներով նրա պոեզիան աղերսներ ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հետ։ Սիամանթոյի արվեստը նպաստել է հայ պոեզիայի հետագա զարգացմանը։ Նրա մի շարք բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն։
Նշենք, որ Երևանի թիվ 162 դպրոցը կրում է Սիամանթոյի անունը: