Բացառիկ հարցազրույց. «Մանկական Նոր ալիք 2014» մրցույթում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանը մեկնեց Արտեկ (լուսանկարներ և տեսանյութ)
LifeStyle
«Մանկական Նոր ալիք 2014» մրցույթում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանը ժամ առաջ մեկնեց Արտեկ, որտեղ օգոստոսի 16-18-ը կկայանա մրցույթը:
Operativ.am-ի թղթակիցը «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում զրուցեց Դավիթի հետ, ով բոլորովին չէր հուզվում: Դավիթը մեկնում է Արտեկ՝ հայկական դրոշը վստահ բարձրացնելու տրամադրությամբ:
«Բոլորովին չեմ հուզվում, ես պատրաստ եմ մրցույթին: Թեև ընթացքում կարող է փոփոխություններ լինել մրցույթում, սակայն դրանից էլ չեմ վախենում: Հուսամ` ամեն ինչ լավ կանցնի և մենք, ինչու չէ, հաղթանակով կվերադառնանք»,-ասաց Դավիթը:
Դավիթի երաժշտական պրոդյուսերը` երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանը Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արդեն ընտրել են երգերը: Որպես հայկական հիթ նրանք ընտրել են Սոնա Շահգելդյանի «Կորուստ, թե գանձ», Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» և Դավիթի երգերից` «Լուսավորական» երգերը:
Դավիթին ճանապարհելու էին եկել ընկերները, հարազատները, գործընկերները. Մերի Քոչարյանը, Մոնիկա Ավանեսյանը՝ իր « Շոկո ֆաբրիկայով» և այլք, ովքեր իրենց մաղթանքներով ու տրամադրությամբ էլ ավելի քաջալերեցին փոքրիկ երգչին:
«Ընկերոջս մաղթում եմ, որ հաջող ելույթ ունենա, վստահաբար ներկայանա: ցանկանում եմ նաև, որ նա հաղթանակ տանի մրցույթում, քանի որ նրա հաղթանակը ոչ միայն իր, այլև բոլորիս հաղթանակն է»,-ասաց փոքրիկ երգչուհի Մերի Քոչարյանը, ով պատրաստվում է մասնակցել «Մանկական Եվրոտեսիլ-2014»-ի հայաստանյան նախընտրական փուլին:
Մեր թղթակցը զրուցեց նաև Դավիթի ծնողների հետ, ովքեր մի փոքր հուզվում են իրենց տղայի ելույթի համար: Նրանք մեծ ակնկալիքներ ունեն, որ մրցույթն արդար կանցնի և արժանի մասնակիցը հաղթանակ կտանի:
Operativ.am-ը հաջողություն և հաղթանակ է մաղթում Դավիթ Վարդանյանին:
Կարինե Գևորգյան